Ո՞ւմ էր ձեռնտու թաքցնել բարձրաստիճան պաշտոնյայի կենսագրությունը, որում հանցանք կա

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նորացված կազմը, պարզվում է, բավականին խայտաբղետ է, բիզնեսմեններից բացի, այստեղ նաև քրեական անցյալ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներ կան:

Եվ ուշագրավ է, որ ՏՄՊՊՀ-ի նոր կազմը հավաքագրելիս այս հանգամանքը չի նկատել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մինչդեռ պաշտոնական գործընթացը ենթադրում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ այս թեկնածուների անունները ԱԺ հաստատման ուղարկելուց առաջ՝ թեկնածուների քասթինգ իրականացրած պաշտոնատար անձը, այս դեպքում՝ Ավինյանը, պետք է որ նրանց ողնուծուծով ուսումնասիրած լիներ:

Չի բացառվում նաև երկրորդ վարկածը՝ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) կարծիք հարցնելու ճանապարհին խմբագրվել են որոշ անձանց կենսագրականները:

Եվ այստեղ ամենաուշագրավն այն է, որ ճակատագրական թելով զուգադիպել են սույն անձին պաշտոն շնորհելու և իրավապահների կողմից նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու ժամկետները: Այո, ճիշտ այդպես. երբ վարչապետի միջնորդած ՏՄՊՊՀ թեկնածուն ինքնագոհ կանգնել է երկրի օրենսդրի բարձր ամբիոնի առաջ՝ ներկայացնելով իր անձը, երկրի բարձրագույն իշխանության վստահությունն է ակնկալել, նույն ժամանակահատվածին իրավապահ մարմիններն այս անձին որոնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել, որպեսզի ծանր հանցանքի համար նա պատասխանատվության ենթարկվի:

Փաստացի գործը «ջրվել է» հենց նրա պաշտոնյա դառնալու պահին, ու, թե ո՞ւմ թեթև ձեռքով և ի՞նչ շահախնդրությամբ, մնում է պարզել: Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնյայի անունը չենք հրապարակում, քանի դեռ ՀՔԾ-ից և իրավապահ ողջ համակարգից չենք ստացել նրա վերաբերյալ մեր հարցումների ամբողջական պատասխանները:

Եվ հարց է առաջանում, այդ ինչպե՞ս եղավ, որ էկրանից երևացող տղամարդուն չնկատեց տուժող անձը կամ ոստիկանը, որը փնտրում էր բարձր պաշտոնյա դարձող այդ տղամարդուն:

Ընդգծենք՝ խոսքը Կառավարության կազմում գործող անկախ տնտեսական մարմնի մասին է, այս կառույցը պարտավոր է երկրի տնտեսական միջավայրում արդար խաղի կանոններ հաստատել և ապահովել հավասար մրցակցակցություն:

Իսկ որքանո՞վ է ի վիճակի ներկայիս ՏՄՊՊՀ կազմը պահել բիզնես դաշտում խաղի կանոններ, որքանո՞վ է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դստեր ամուսինը՝ Կարեն Սեդրակյանը, հակված պահելու արդար կանոնը, երբ շինանյութի հսկա ընկերություններից մեկի հետ ինքն առնչվում է։

Ի դեպ, այդ բիզնեսով, ասում են, նա ակտիվորեն ներգրավված է պետական գնումների գործընթացում: Նույն թերահավատությամբ կարելի է հարցը տալ ՊՆ-ից այստեղ հայտնված մյուս գործարարին՝ Էդգար Ճաղարյանին, որի ընտրվելն ամենաշատը Պաշտպանության նախարարության աշխատակազմից շատերի ծիծաղն առաջացրեց:

Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ այս երիտասարդը երկար տարիներ ՊՆ պարենային մատակարարումների պատասխանատուն է եղել, և օգտվելով իր պաշտոնական դիրքից՝ կարողացել է դառնալ ու գուցե մինչ օրս մնում է ՊՆ-ի հիմնական մատակարարներից մեկը, պետգնումներով տարիներ շարունակ բանակին իր ներկրած սառեցրած ձուկն ու հավի միսն է մատակարարել, ինչի շնորհիվ երիտասարդ միլիոնատեր է դարձել: Եվ այս հանգամանքը, չգիտես՝ ինչպե՞ս, ինչո՞ւ, չի նկատել նախկիններից սարսափող Փաշինյանը, ավելին, նրա սուր հակակոռուպցիոն աչքից վրիպել է անգամ այս երիտասարդին առնչվող սկանդալային հայտնի քրեական գործը:

«Բանն այն է, որ մասնագիտությամբ տնտեսագետ, ՍԱՊԾ պետի տեղակալ Ճաղարյանը 2009-2016 թվականներին ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտում պարենային, դեղորայքով և բժշկական սարքավորումներով ապահովման բաժնի պետն է եղել։ Ուստի սպասվում էր, որ խորհրդարանականներից մեկի մտքով կանցնի նրան հարցնել «գոմեշի մսի» սկանդալային գործից: Տավարի մսի փոխարեն՝ բանակին գոմեշի միս մատակարարելու հետ կապված քրեական գործը հարուցվեց 2012 թվականի հունիսին՝ Ճաղարյանի պաշտոնավարման ժամանակ։ Խարդախության համար մեղադրեցին ու դատեցին Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանին, իսկ ՊՆ պաշտոնյաներից որևէ մեկին պատասխանատվության չկանչեցին, թեև այն ժամանակ էլ, հիմա էլ ոչ ոք չի հավատում, որ առանց ՊՆ-ի իմացության՝ հնարավոր էր նման խոշոր գործարք։

Ըստ դատավճռի՝ պետությանը հասցվել էր 126 միլիոն 936 հազար դրամի (շուրջ 310 հազար դոլար) վնաս։ Այսօր, երբ անցել են տարիներ, ճիշտ ժամանակն էր հարցնելու Ճաղարյանին, որն անմիջապես պատասխանատու էր պարենային մատակարարումների համար, թե ինչպես դա հնարավոր եղավ, և, առհասարակ՝ խնդրել նրան, որ մանրամասներ բացահայտի «գոմեշի գործից»»,- այս տարվա հունիսին գրել էր «Հրապարակ» թերթը։

Եվ ահա, չնայած այս ամենին, Էդգար Ճաղարյանը և Կարեն Սեդրակյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ։

Այս մասին ժամանակին արված մեր հրապարակումները Կառավարությունից արձագանք չստացան, միակ դրվագը մեր բացահայտման հետևանքով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բաջանաղ Դավիթ Հովհաննիսյանի չընտրվելն էր, իշխող «Իմ քայլը» նրան ճանաչեց ու չհաստատեց որպես ՏՄՊՊՀ անդամ:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս