Որ մարդկանց զգուշացնում էինք, թե էդ 10 հազարով, անվճար վիրահատություններով մի խաբվեք, ժամանակավոր բան է, այ սրա համար էինք ասում․ Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․
«Այն, որ ամոթի զգացումն այս իշխանությունը կորցրել է իսպառ ու ընդմիշտ, վաղուց գիտեինք: Հիմա` ընտրություններից հետո առավել ևս քողն ընկել է երեսներից…
Ոչ քաղաքական ռեպրեսիաներն են փորձում թաքցնել գոնե առերևույթ օրինականության տակ, ոչ նախընտրական փուլում պետբյուջեից տրամադրվող բացահայտ ընտրակաշառքը ու ընտրողների նկատմամբ աներևակայելի ճնշումները փորձեցին քողարկել, ոչ հավասար մրցակցության պատրանք ստեղծեցին:
Օրը ցերեկով Կենտրոնական ընտրական կոչվող հանձնաժողովը մի ողջ կուսակցության դուրս թողեց խորհրդարանից եւ ապօրինի որոշում կայացրեց` 60 հազար քվե գողանալով ու նվիրելով իշխող կուսակցությանը:
Հիմա էլ Սահմանադրական կոչվող իբր բարձր դատարանը հրապարակային քննություն է իրականացնում` գոնե ձևական ջանք չգործադրելով օրինականության, անաչառության տպավորություն թողնելու ՀՀ քաղաքացիների վրա: ՍԴ դատավորները ՔՊ-ի ամենակարկառուն անդամներին վայել հարցեր են տալիս դիմողներին, իսկ արդարադատության նախարարը հենց ՍԴ դահլիճում` նիստի ժամանակ, ծամոն է ծամում:
Բայց այս բոլորը մի կողմ, այսօր ևս մի արտասովոր լկտիության մասին եմ իմացել ու ապշած եմ սրանց անամոթության ու սեփական շահն առաջ տանելու անսահման հնարամտության վրա:
Հիշում եք, չէ՞, որ ապրիլի 1-ից թոշակները 10 հազար դրամով բարձրացրին, ինչին հետևեց համազգային ծափ, ծիծաղ, մեծ ոգեւորություն, երախտագիտության տեսարաններ ու 600 հազար պապիկ-տատիկների մեծ մասը վազելով գնացին Նիկոլին ընտրելու: Ուրեմն, պարզվում է, այդ խավի մի մեծ հատված և նրանց ընտանիքները թոշակից զատ նաեւ անապահովության նպաստ են ստացել: Այդ նպաստն ու թոշակն իրար հետ մեծ թվեր չէին կազմում, բայց հնարավորություն կտային այդ մարդկանց քիչ թե շատ ապահով կյանքով ապրելու: Պարզվում է` այս ամսվանից շատ ընտանիքների անապահովության նպաստը կտրել են: Իբրեւ թե այդ 10 հազարը, գումարած 10 հազար քեշբեքը, առողջապահական ծառայությունները նրանց դուրս են թողել նպաստառուների ցանկից:
Մարդիկ հունիսի նպաստը չստանալով դիմել են Միասնական սոցիալական ծառայություն, պատասխանել են, թե` ձեր անապահովության միավորներն իջել են` դուրս եք մնացել նպաստառուների ցանկից: Այսինքն, մարդու թոշակը 10 հազարով ավելացրին, մի 5-6 անգամ ավելի մեծ նպաստը կրճատելով:
Բայց ամենաուշագրավը լսեք` ուրեմն էս մանր ժուլիկները թոշակները բարձրացրել են ապրիլից, իսկ նպաստի գումարները կրճատել են հունիսից: Որ մարդն ապրիլ, մայիս ամիսներին և 10 հազար ավելցուկ թոշակը ստանա, և նպաստը: Մանր մանիպուլյացիա, որ տարեցների քվեները կորզեն, խաբեն, հետո հունիսից պակաս վճարեն:
Որպեսզի պատկերացնեք ինչ թվերի մասին է խոսքը` միայն Գավառ համայնքում 200 ընտանիք հունիսի նպաստը չի ստացել: Որ մարդկանց զգուշացնում էինք, թե էդ 10 հազարով, անվճար վիրահատություններով մի խաբվեք, ժամանակավոր բան է, այ սրա համար էինք ասում…»։

