Բաժիններ՝

«Հաջողակ լինելու համար պետք է լինել նորարար և ունենալ թարմ գաղափարներ». Կիրիլ Աֆոնին

Նանոտեխնոլոգիաների ISRNN ընկերության փոխտնօրեն Կիրիլ Աֆոնինը, որը վստահ է, որ հաջողակ լինելու համար պետք է նորարար լինել, Հայաստան է եկել կենսաբանական համակարգերի հետ առնչություն չունեցող մարդկանց թարմ գաղափարներ տալու և Արհեստական բանականության մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար:

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի է ունեցել «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ը, որին մասնակցում էր նաև Կիրիլ Աֆոնինը:

«Այս ֆորումում ես հույս ունեմ ավելի շատ տեղեկություն վերցնել արհեստական բանականության մասին, որովհետև դա ինձ համար մի քիչ այլ, չբացահայտված ուղղություն է: Մենք էլ մեր հետազոտություններում հույս ունենք մի օր օգտագործել արհեստական բանականությունը: Եվ ուզում եմ մի քանի թարմ գաղափար տալ այն մարդկանց, ովքեր չեն աշխատում կենսաբանական համակարգերի հետ»,- ասաց Աֆոնինը:

168.am-ի հետ զրույցում Աֆոնինը խոսեց իր թարմ գաղափարի մասին. գիտնականը գիտության բոլոր ճյուղերին առաջարկում է իրենց հետազոտություններում շարժվել՝ հաշվի առնելով բազմակողմանի մոտեցման սկզբունքը:

«Բազմակողմանի մոտեցումը պետք է գիտնականների կյանքի մի մասը դառնա: Ու այս ֆորումն էլ այդպիսի մոտեցման մի հնարավորություն է: Գիտնականներն այստեղ կարող են նոր ծանոթություններ հաստատել: Նրանց առաջ կարող են նոր դռներ բացվել: Բազմակողմանի մոտեցումից խուսափելու դեպքում նրանք կդառնան կույր գիտնականներ»,- վստահ է Աֆոնինը:

«Ես աշխատում եմ բնաթյան հետ: Իմ լաբորատորիայում մենք սովորաբար բնությունից վերցնում ենք կենսաբանական մոլեկուլները, փորձում ենք վերածրագրավորել մոլեկուլները ու դրանք օգտագործել բնությունից դուրս, դեռևս գոյություն չունեցող եղանակներով: Մենք այդ ձևով մոլեկուլներին այլ հնարավորություններ ենք տալիս, հետո էլ օգտագործում ենք այդ հնարավորությունները տարբեր հիվանդությունների ու վարակների դեմ պայքարում: Երբեմն էլ այդ մոլեկուլներից ստեղծում ենք այնպիսի մարմիններ, որոնք կարող են գոյություն ունենալ առանց այլ մարմինների»,- իր լաբորատոր աշխատանքի մասին 168.am-ին պատմեց գիտնականը:

Կիրիլ Աֆոնինը վստահ է, որ այսօր աշխարհն արհեստական է, հեռու բնությունից: Հենց այդ պատճառով են մարդիկ երբեմն դժվարանում օգտագործել արհեստական բանականության արդյունքները:

«Մենք պետք է փոխենք աշխարհը ու մարդկանց ուղղորդենք առաջ: Եվ պետք է հասկանանք, որ Արհեստական բանականությունը շատ դրական կողմեր ունի: Նրա հիմնական ուժն էլ ճիշտ եզրահանգումների գալը, ունեցած տեղեկությունն օգտագործելն ու տվյալների բազան մեծացնելն է»,- փաստեց Աֆոնինը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս