«Սա իշխանահաճո հոդված է, որպեսզի սահմանափակվի ազատ խոսքը». փաստաբան
«Ատելության խոսք» եզրույթը, մեկ տարուց ավելի է՝ մտել է մեր առօրյա բառամթերքի մեջ: Չնայած կոնկրետ ուսումնասիրություններ չկան դրա սահմանների կամ «անսահմանության» մասին, իշխանական տարբեր մակարդակներում փորձում են դրա տարածման ճանապարհները փակել:
Օգոստոսին e-draft.am կայքում քննարկման դրվեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ պետք է լրացումներ կատարվեն ՀՀ քրեական օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել 226.2 հոդվածով, որով պատասխանատվություն կնախատեսվի անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու համար:
Օրեր առաջ էլ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Մարիա Կարապետյանը տեղեկացրել էր, որ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտվում է քաղաքացիական հասարակության և նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների և լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, այլ անհատների և խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի և ոտնձգության դրսևորումները, ատելության և թշնամանքի հրահրումը և խրախուսումը: Հայտարարությանը միացել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, ով նիստից հետո «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում պնդել է՝ «ատելության խոսքը» պետք է քրեականացվի:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, ով արդեն 20 տարի քրեական իրավունքի ոլորտում է, 168.am-ի հարցին, թե զուտ իրավական տեսանկյունից կարիք կա՞ «ատելության խոսքի» քրեականացման, և արդյո՞ք ատելության խոսքն այնքան է տարածվել, որ լրացուցիչ սահմանափակումների կարիք ունի, պատասխանեց.
««Ատելության խոսք»-ի քրեականացման կարիք ընդհանրապես չկա, քանի որ այն մեր օրենսդրությամբ արդեն իսկ կարգավորված է մի քանի հոդվածների շրջանակներում: Բացի այն, որ անհրաժեշտությունը չկա, օրենքի նախագիծն իր մեջ իրավական անորոշություն է պարունակում, և նման հոդվածի դիսպոզիցիայի պարագայում ցանկացած անհաճո անձի կարելի է մեղսագրել այդ հոդվածը, և հենց դրանով անհարկի է դրա ընդունումը:
Սա տարընթերցումների տեղիք է տալու, և ոչ միայն՝ տարընթերցումների, սա իշխանահաճո հոդված է, որպեսզի սահմանափակվի ազատ խոսքը, սահմանափակվեն մի շարք անձանց իրավունքներ, ցանկացած մարդու կարելի է մեղսագրել տվյալ հանցակազմի դիսպոզիցիան: Ատելության խոսքը տարածվե՞լ է, թե՞ չէ, դա մեր պարզելու խնդիրը չէ, մինչև օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելը պետք է դա պարզվեր օրենսդիրի կամ նախաձեռնողի կողմից, պետք է ուսումնասիրվեր՝ բացասական միտում կա՞ բարձրացման, թե՞ ոչ: Դրա վերաբերյալ առհասարակ վերլուծություններ չկան, համապատասխան մշակումներ, նախագծեր, թե ինչի՞ հիման վրա են իրենք գտնում, որ այդ ատելության խոսքը տարածվել է»:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը բացառում է նաև այն տարբերակը, որ սա միջազգային կառույցների հանձնարարական է ՀՀ-ին, քանի որ աշխարհում «ատելության խոսք» եզրույթն այսքան ընդլայնված չէ:
«Միջազգային կառույցների հանձնարարականները՝ ուղղված ՀՀ-ին, հենց կոնկրետ մի քանի գործոնների, սոցիալական խմբերի է ուղղված՝ կրոնական, ռասայական, միգրանտների, խտրականության տարածման արգելքին է ուղղված, ոչ թե ընդհանրապես ատելության խոսքին: Մեր իշխանությունները վերցրել, ընդլայնել են դրա սահմանները և իշխանական շահեր են փորձում պաշտպանել»,- պնդում է Վահան Հովհաննիսյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ