Վրաստանի վարչապետը Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում զգալի առաջընթաց է նկատում
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Հայաստանի հետ հարաբերություններում ամենանշանակալին համարում է տնտեսության ոլորտը, որում զգալի առաջընթաց է նկատում: Գախարիան նման տեսակետ հայտնեց Երևանում լրագրողների հետ հանդիպմանը՝ խոսելով նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներից:
«Անդրադարձել ենք երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին, որը դարավոր պատմություն ունի: Եվ դա ավելի կխորացնենք ու կընդլայնենք: Երկու երկրների միջև ամենանշանակալին տնտեսությանն է, որտեղ լավ առաջընթաց ունենք: Քննարկել ենք նաև տրանսպորտի, էներգակիրների համագործակցության հարցեր»,-ասաց Գախարիան:
Վարչապետերը մշակութային բնագավառում ևս համագործակցելու շարունակական ուղի են նախանշել: Գախարիայի խոսքով՝ Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի և արձանագրել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամենակարևորն է, որպեսզի կարողանան կենտրոնանալ էկոնոմիայի վրա և քաղաքացիներին բարեկեցության հնարավորություն տան:
Վրաստանի վարչապետը համոզվածություն հայտնեց, որ այս հանդիպումը ևս առաջընթաց քայլ կլինի երկու երկրների համագործակցության խորացման համար: