«Մոսկվան Սիրիայում հավասարակշռված քաղաքականություն է վարում, այդ թվում՝ համագործակցելով Ադրբեջանի հետ». ոուս արևելագետ

«168 Ժամի» զրուցակիցն է Ռուսաստանի Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

– Պարոն Նադեին Ռաևսկի, Թուրքիան շարունակում է իր ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիսում, որը, ինչպես երևում է, Սիրիայում «խաղացող» տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի համաձայնության արդյունք է, որից հետո նոր համաձայնությունների արդյունքում Սիրիայի կառավարական ուժերն են սկսել շարժվել դեպի հյուսիս՝ արդեն իսկ արձանագրելով որոշակի հաջողություններ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պայմանավորվածություններ են գործել թուրքական այս որոշման համար, ի՞նչ սցենարներով կարող է զարգանալ սիրիական սցենարը թուրքական օպերացիայից հետո Սիրիայի կառավարական ուժերի և Սիրիայի հյուսիսի քրդերի միջև համաձայնության ու Մոսկվայի դիրքորոշման համատեքստում:

– Թուրքիայի այդ որոշման համար հիմք են ծառայել ոչ այնքան պայամանավորվածությունները, որքան դրանց բացակայությունը սիրիական հակամարտության մեկ կողմի հետ, և այդ պատճառով, համապատասխանաբար՝ դիրքորոշման ձևավորումը մեկ այլ կողմի կողմից: Քրդերը ոչ մեկ անգամ են իրենց հավակնությունները հայտնել, և դա եղել է դեռ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ընթացքում: Այն ժամանակ, ինչպես և ներկայումս, իրավիճակը հետևյալն էր՝ թուրքական ներխուժման փոխարեն՝ մենք առաջարկել ենք քրդերին դիրքերը փոխանցել Սիրիայի կառավարական բանակի դեմոկրատական ուժերին, այնինչ քրդերը մերժեցին՝ նշելով, թե իրենք դրա համար չեն վռնդել նրանց սիրիական ուժերին, որպեսզի նրանց ետ վերադարձնեն: Բայց մեր դիրքորոշումը միանշանակ է՝ մենք հետաքրքրված ենք սիրիական արաբական պետականության ամբողջականության պահպանմամբ: Մենք, բնականաբար, չէինք կարող աջակցել քրդերի ծրագրերին ոչ մի կերպ:

Այո, 2013 թվականին նրանք որոշակիորեն փորձեցին դիմել մեզ, բացեցին ներկայացուցչություն Մոսկվայում, թվում էր, թե պատրաստվում էին համագործակցել, սակայն դա ավարտվեց այնպես, որ նրանք թեքվեցին դեպի ամերիկացիները և համապատասխանաբար կառուցեցին իրենց քաղաքականությունը՝ հիմնվելով Վաշինգտոնի վրա: Իսկ դա արդեն, կներեք ինձ, բայց այլ իրավիճակ է ու այլ դասավորություն: Վաշինգտոնին այնտեղ որևէ մեկը չէր հրավիրել, իսկ մենք գործում ենք Սիրիայի կառավարության հրավերով, այստեղ էական տարբերություն կա միջազգային իրավունքի տեսանկյունից, ուստի դասավորությունը, քրդերի ու Սիրիայի դեմոկրատական ուժերի, կառավարման համապատասխան մարմինների, որոնք ստեղծվել էին Սիրիայի Հյուսիսում, կատեգորիկ կերպով մեզ ձեռնտու չէր:

Մենք չէինք կարող աջակցել որևէ կերպ որևէ պետության ձևավորման՝ անհասկանալի ու անհայտ նպատակներով, կառավարման անհասկանալի համակարգով, որը որևէ կերպ չէր տեղավորվում սիրիաարաբական պետության օրենսդրության շրջանակներում: Չէինք կարող աջակցել ամերիկացիների ամրապնդմանը սիրիական տարածքում: Թուրքական նախորդ ներխուժումը բավականին հաջող էր, այսօր նրանք նախկին 10.000-ի փոխարեն՝ 30.000 մարտիկներ են վարձել սիրիական բանակից, որպեսզի քիչ կորուստներ կրեն՝ դնելով հարվածի տակ բազմացեղ կազմակերպությունը. այնտեղ միայն քրդեր չկան: Բոլոր արաբական երկրներից կամավորներ կան՝ «գորշ սագեր», որոնք գումարի դիմաց աշխատում են:

Հիմա առաջընթացն իրականացնում են ահաբեկիչների ստորաբաժանումները՝ իսլամիստները, որոնց նկատմամբ մենք չենք կարող որևէ կերպ ունենալ համակրանք:

Մյուս կողմից՝ մենք հայտարարել ենք, որ մենք հասկանում ենք Թուրքիայի անհանգստությունն իր սահմանների վերաբերյալ, սեփական անվտանգության վերաբերյալ, և այլն: Բայց մենք չենք միավորվել թուրքերի հետ: Մենք այնտեղ չենք կիսում թուրքական տեսակետը, բայցևայնպես իրավիճակն այնպիսին է, որ Սիրիայի այդ տարածքը ոչ մի կերպ չի գտնվում սիրիական պետության տիրապետության տակ, իսկ դա անթույլատրելի է մեզ համար, մենք ավիացիոն «անձրևանոց» չենք տեղադրել, հենց այդ պատճառով էլ թուրքերը ռմբակոծում են, իսկ ի՞նչ հիմքեր ունեինք դա անելու համար:

– Եթե նույնիսկ ոչ ուղղակի, ապա անուղղակի աջակցություն Մոսկվայի կողմից թուրքական ներխուժմանը կա: Դրա մասին են խոսում նաև հրապարակային հայտարարությունները և փաստը, որ Ռուսաստանը հավանության չարժանացրեց ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը Սիրիայում Թուրքիայի ռազմարշավի վերաբերյալ, ի դեպ, Միացյալ Նահանգների հետ մեկտեղ, ինչը ևս խոսուն փաստ է:

– Մենք չենք համագործակցում քրդական իշխանության հետ, որը հաստատվել է Սիրիայի հյուսիսում: Բայց մենք մեկ անգամ չէ, որ քրդերին համոզել ենք՝ հարկավոր է սեփական խնդիրները լուծել սիրիական պետության հետ: Բայց այս շատ ավելի հզոր թուրքական ներխուժման պայմաններում քրդերի շարքերում հայտնվել են Դամասկոսի հետ համաձայնության բազմաթիվ կողմնակիցներ, նրանց ավագանին է նաև հանդես գալիս Դամասկոսի հետ բանակցելու, համաձայնության գալու հայտարարություններով: Բնականաբար, անցել են բավական արագ բանակցություններ, քանի որ իրավիճակը կրիտիկակական է, և Սիրիայի կառավարությունը որոշում կայացրեց առաջ մղել զորքերը, որպեսզի թույլ չտա թուրքերին գրավել առանցքային դիրքերը հյուսիսում, քանի որ թուրքերի ախորժակը հսկայական է, և նրանք կցանկանային ավելի մեծ տարածքների տիրապետել և գրավել:

Չէ՞ որ նրանք Կիպրոսի Հյուսիսում ստեղծել են խամաճիկային պետություն, որը ոչ մեկի կողմից ճանաչված չէ, և երևում է, որ նման ձևով նրանք կարող են լուծումների գնալ նաև Սիրիայում: Առավել ևս, որ ունեն նման բազում փորձեր, որոնք Ձեզ ևս հայտնի են: Նման սցենարը բացառել չի կարելի, թեև թուրքերը վստահեցնում էին մեզ, որ բացարձակ չեն ցանկանում խախտել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, սակայն դա լավ է միայն խոսքերով, Դամասկոսի գործողություններն այս դեպքում շատ ավելի կարևոր են: Պետք է նաև պայմաններ ստեղծել, որպեսզի քրդերը վերադառնան իրենց հայրենիք: Ներկայումս իրավիճակը հենց այդպես էլ զարգանում է: Կտեսնենք դեռ, թե որքանով արդյունավետ է լինելու այդ համագործակցությունը:

– Փաստորեն քրդերն այլ ելք չունեն, քան համագործակցել Դամասկոսի և Մոսկվայի հետ:

– Իրավիճակը միանշանակ է Մոսկվայի տեսանկյունից, մենք աջակցել ենք ու աջակցելու ենք սիրիաարաբական բանակին: Ներկայումս վեճը, կարելի է ասել, թուրքական և սիրիական ուժերի միջև արդեն ընթանում է Մանբիջի, Քոբանիի շուրջ, քրդերը վաղուց ուղղվել էին Մանբիջի վրա, քանի որ Մանբիջով է անցնում միակ ճանապարհը դեպի Ռաքքա, Դեր Զոր և այլ անապատային շրջաններ, իսկ քրդերը համարձակվել էին գրավել բավականին մեծ տարածք, որը բնակեցված էր արաբական ցեղերով, որոնցից մի մասի հետ նրանք համագործակցում են, ոմանց հետ՝ ոչ, բայց կարող ենք նաև ասել, որ քրդերին այնտեղ այդքան էլ չեն սիրում: Մենք ոչ թե քրդերին ենք այս դեպքում աջակցում, այլ աջակցում ենք սիրիաարաբական բանակին ու Դամասկոսի կառավարությանը, քանի որ ներկայումս իրավիճակն ընթանում է այնպես, որ սիրիաարաբական բանակը շարժվում է դեպի Հյուսիս, համապատասխանաբար՝ մենք չենք կարող չաջակցել դրան: Թե ինչպես կզարգանա համագործակցությունը թուրքական ավիացիայի հետ, դեռ կտեսնենք:

– Փաստորեն, այն ռազմավարական շրջանները, որոնք կցանկանային գրավել նաև թուրքական ուժերը քրդերից, գրավում է սիրիական ազատ բանակը:

– Այո, օրինակ, Մանբիջն արդեն գրավված է, և դա կարևոր է, քանի որ ընդլայնվում է Հալեպի շուրջ պատասխանատվության գոտին, քանի որ թուրքերը մեծ ախորժակ ունեն Հալեպի հարցում:

– Այն կոնֆիգուրացիան, որը ներկայումս ուրվագծվում է, դատելով գործողություններից և զուգահեռաբար ընթացող բանակցություններից, համաձայնություններից, տարածաշրջանային ուժերի միջև կա համաձայնություն՝ լուծել քրդերի հարցը: Իսկ ինչպիսի՞ն կլինեն հետագա զարգացումները, կուրվագծվի՞ արդյոք պատերազմի ավարտը:

– Միանշանակ է, որ այդ տարածքների ապագայի որոշումը պետք է տեղի ունենա քրդերի ներգրավմամբ: Խոսքը քրդերի համար որոշակի ինքնավարության մասին է, այն կոնցեպցիան իշխանության, որը ներկայումս կա, Սիրիայի սահմանադրական կարգի շրջանակներում չի տեղավորում: Իսկ կոնֆեդերատիվ ժողովրդավարությունը, որն առաջարկում է Աբդուլա Օջալանը, ամենևին չի նշանակում, որ թուրքական քրդերը ղեկավարում են սիրիական քրդերին, ընդհակառակը՝ սա կարող է գործող տարբերակ լինել:

Հարցն այն է, որ ողջ Քուրդիստանի բոլոր մասերի կառավարումը, այդ կոնցեպտի համաձայն, պետք է տեղի ունենա ժողովրդական ներկայացուցչությունների կողմից, որոնք ընտրում են իրենց իշխանությունը, դատարանները, Ոստիկանությունը: Ինչպես Օջալանն է ապացուցում, ժամանակակից արևմտյան ժողովրդավարությունը ոչ միայն իրեն մաշել է, այլև արհեստական է ընդհանրապես, չի արտահայտում ժողովուրդների կամքը, իսկ այս դեպքում տեղի է ունենում ժողովրդի ամբողջական կամարտահայտություն: Այդ կոնցեպտը մենք հանդիպել ենք շատ հետազոտողների մոտ: Այդպիսի իշխանությունը չի հանդիսանում նոր: Բայց հարցն այն է, որ սա թույլ չի տալիս ստեղծել պետություն, քանի որ իշխանությունը պետք է լինի մեկը, որը որոշում կայացնի բոլորի համար:

Բայց այս դեպքում պետություն չէ, սա է մինուսը: Սա չի կարող հաստատվել սահմանադրական հանձնաժողովի կողմից, բայց հանձնաժողովը պատրաստ է սկսելու իր աշխատանքը, այն թեկնածությունները, որոնք կասկած էին հարուցում թուրքերի, իրանցիների, սիրիացիների մոտ, արդեն համաձայնեցված են, կարող են սկսել աշխատել: Ինձ թվում է, որ Հյուսիսային Սիրիայի հարցը և քրդերի դեպքում իրական խաղաղապահ գործառույթի պարտադրումը շատ տեղին կլինի, քանի որ հանում է սահմանադրական հանձնաժողովի առջև ծառացած բազում հարցերից վերջինը: Այսինքն՝ բավականին բարդ իրավիճակ է: Բայց ամեն դեպքում ծայրաստիճան կարևոր քայլեր են ձեռնարկվել պատերազմի ավարտի համար: Ավելին՝ Թուրքիան շեղվել է իր սիրելի Իդլիբից, որտեղ նրա կողմից աջակցություն ստացող ուժերը, որոնք պարտություն են կրել Ալ Նուսրայի կողմից, պետք է պարտադրվեն վայր դնել զենքը նրա համար, որպեսզի երկրում խաղաղ գործընթացը մտնի որոշիչ փուլ: Իդլիբը, իհարկե, շատ լուրջ խնդիր է, խիտ բնակեցված է, զինյալների հետ բնակվում են նրանց ընտանիքները:

Սա բարդ է, սիրիական բանակն աշխատում է այս ուղղությամբ, հաջողություններ ևս կան, հաջողվել է ճնշել մի շարք խմբավորումների: Ի դեպ, նաև Իդլիբի հետագա ճակատագիրը կարևոր է, թուրքերը շեղվել են և հեռացրել են իրենց զինյալ ստորաբաժանումները դեպի Հյուսիս քրդերի դեմ: Այս դեպքում Իդլիբում թուրքական նախկին ներկայությունը չկա, և հեշտ է այս հարցում ևս հաջողության հասնել:

– Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը՝ իր արտաքին քաղաքական խնդիրներով, հեռու չէ Սիրիայից և սիրիական խաղացողներից, մասնավորապես՝ Ռուսաստանից ու Թուրքիայից: Տարածաշրջանի վրա այս ամենը ինչպե՞ս կանդրադառնա:

– Իրավիճակը միանշանակորեն անդրադառնալու է ողջ տարածաշրջանի վրա: Ամենակարևորն ահաբեկչական խմբավորումներին ճնշելն էր: Ռուսաստանի դեպքում ևս դա ծայրաստիճան կարևոր էր՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Սիրիայում շատ են ահաբեկիչները Հյուսիսային Կովկասից, մեծ մասը վերացվել են հենց այնտեղ, բայց այնուամենայնիվ, կան որոշները, որ մնացել են, և Մոսկվան չի ցանկանում, որ նրանք վերադառնան: Ճնշել նրանց պետք է հենց այնտեղ: Հյուսիսային Կովկասում դա անելը բավականին բարդ է: Սրանք լուրջ հարցեր են ռուսական իսլամի ապագայի համար, ուստի մենք ստիպված ենք իրականացնել նման բալանսավորված քաղաքականություն, այդ թվում՝ ներգրավելով Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանի տարածքում տեղի չունենա կոնսոլիդացիա իսլամիստական ուժերի, որոնք ծայրաստիճան վտանգավոր են Ադրբեջանի համար:

Սա էական հարց է նաև Ղարաբաղյան հակամարտության համար, որտեղ ներկայումս ևս Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները տարբեր են, կարևոր է հասնել խաղաղ կարգավորման՝ առանց ծայրահեղականության, որպեսզի Ադրբեջանը ևս հստակեցնի և դիտարկի Հայաստանի մտահոգությունները, որը, թերևս, չի անում:

Ես կարծում եմ, որ դեռ այս ուժերը կենտրոնացած են Սիրիայի ուղղությամբ, փորձելով ավարտել պատերազմը Սիրիայում, ինչը, այդ թվում՝ ահաբեկչության վերացումը, դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Այդ դեպքում հավելյալ վտանգներ չեմ տեսնում:

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս