Կատալոնիայի քաղաքական գործիչները բանտարկության են դատապարտվել հանրաքվեի կապակցությամբ
Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել 12 քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մեղադրյալների աթոռին են հայտնվել 2017 թվականին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու եւ տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակման կապակցությամբ, հայտարարել են դատարանում։
Տասներեք տարվա բանտարկության է դատապարտվել ժեներալիտետի նախագահի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերիսը, նույն ժամկետով նա զրկվել է ընտրովի եւ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Կատալոնիայի կառավարության նախկին խորհրդարաններ Ռաուլ Ռոմեւան, Ժորդի Տուրուլը եւ Դոլորս Բասսան դատապարտվել են 12 տարվա բանտարկության եւ 12 տարվա ընթացքում չեն կարողանա զբաղեցնել ընտրովի եւ պետական պաշտոններ:
Բոլոր չորսն էլ մեղավոր են ճանաչվել խռովության կազմակերպման եւ պետական միջոցների վատնման մեջ: Կատալոնիայի խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելը դատապարտվել է 11 տարի եւ վեց ամիս բանտային կալանքի, Կատալոնիայի կառավարության նախկին խորհրդականներ Ժոակիմ Ֆոռնը եւ Ժոզեպ Ռուլը տասը տարի եւ վեց ամիս ազատազրկման, հանրային առաջնորդներ Ժորդի Կուիշարը եւ Ժորդի Սանչեսը՝ ինը տարվա բանտարկության:
Այս հինգ քաղաքական գործիչները նույնպես պատժաժամկետի ընթացքում չեն կարողանա զբաղեցնել ընտրովի ու պետական պաշտոններ: Կատալոնիայի կառավարության նախկին անդամներ Սանտյագո Վիլան, Մարիչել Բորասը եւ Կառլես Մունդոն մեղավոր են ճանաչվել չենթարկվելու մեջ եւ դատապարտվել են տուգանքի: 2017 թվականի հոկտեմբերի վերջին Կատալոնիայում հանրաքվե է անցկացվել Մադրիդից տարածաշրջանի անկախության շուրջ, որը Իսպանիայի իշխանություններն անօրինական են ճանաչել: Ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնին եւ նրա մի խումբ կողմնակիցների դեմ առաջադրվել են անջատականության, խռովության հրահրման եւ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներ:
Մեղադրյալներն իրավունք ունեն հայց ներկայացնել Սահմանադրական դատարան, ինչպես նաեւ մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: