Բաժիններ՝

Մեկնարկում է «Գրին քարտի» 2021թ. ծրագրով հայտերի ընդունումը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2019թ. հոկտեմբերի 2-ի կեսօրին՝ արեւելյան ամառային ժամանակով եւ կավարտվի 2019թ. նոյեմբերի 5-ի կեսօրին՝ արեւելյան ստանդարտ ժամանակով:

ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Դիմորդները կարող  են հայտը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ խաղարկային վիզաների ծրագրի պաշտոնական կայքում, հասցեն:

Խաղարկային վիզաների ամենամյա ծրագրով ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն են ստանում բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են հստակ ու պարզ չափանիշների: Համակարգչային պատահական ընտրությամբ կատարվող վիճակահանությամբ առանձնացվում են մասնակիցներ:

Ծրագրի պահանջն այն է, որ հիմնական հայտատուն ավարտած լինի ավագ դպրոցը կամ դրան համարժեք կրթական հաստատություն կամ ունենա ԱՄՆ օրենքների համաձայն ծրագրին մասնակցության իրավունք տվող երկու տարվա աշխատանքային փորձ՝ վերջին 5 տարվա կտրվածքով: Մասնակիցները կարող են հայտերը լրացնել անձամբ կամ այլ անձի օգնությամբ: Անկախ այն հանգամանքից անձամբ եք լրացնում, թե այլ անձի միջոցով, յուրաքանչյուր անձի անունով կարող է ներկայացվել միայն մեկ հայտ՝ գրանցման համար սահմանված ժամկետներում: Տեղեկատվության ճշգրտության ու ամբողջականության համար պատասխանատու է մասնակիցը:

Գրանցումն անվճար է: Խորհուրդ է տրվում հայտը լրացնել անձամբ, առանց միջնորդների ու խորհրդատուների, ովքեր իրենց ծառայությունների համար վճար են պահանջում: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է հայտը լրացնելիս, ապա պետք է ներկա լինել հայտի լրացման ժամանակ, որպեսզի ապահովվի ճշգրիտ տեղեկատվություն: Պետք է պահպանել գրանցման հաստատման թերթիկը եւ եզակի համարանիշով հաստատման համարը:

Զգուշացեք խաբեությունից. խաղարկային վիզաների ծրագրի հետ կապված շրջանառվում են փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ: Պետքարտուղարության վիզաների ծառայության գրասենյակը հայտնում է հանրությանը կեղծ նամակների մասին, որոնց հեղինակները, ներկայանալով որպես ԱՄՆ կառավարություն, փորձում են վճարումներ կորզել խաղարկային վիզայի ծրագրի մասնակիցներից:

Խորհուրդ ենք տալիս մասնակիցներին կարդալ Խաղարկային վիզաների ծրագրի հրահանգներն ու ընթացակարգերը, որպեսզի տեղյակ լինեք գործընթացի քայլերից, իմանաք՝ երբ եւ ինչ պետք է սպասել եւ ումից:

ԱՄՆ կառավարությունը խաղարկության մասնակիցներին երբեք էլեկտրոնային նամակով չի հայտնում շահելու մասին լուրը: Փոխարենը, մասնակիցները կարող են պարզել իրենց դիմումի կարգավիճակը ծրագրի պաշտոնական կայքում՝օգտագործելով գրանցման ժամանակ տրված եզակի համարանիշը: Ներգաղթային վիզաների հարցազրույցի մասին տեղեկությունը եւս կներկայացվի կարգավիճակի ստուգման բաժնում:

Կարեւոր է հիշել, որ վիճակախաղում շահելը դեռեւս ներգաղթային վիզա ստանալու երաշխիք չէ: Շահողները պետք է մասնակցեն հարցազրույցին եւ որակավորված լինեն վիզա ստանալու համար:

Գրանցման հետ կապված հավելյալ տեղեկություններ, ինչպես նաեւ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել Խաղարկային վիզաների DV-2021-ի հրահանգներում, որոնք զետեղված են այս էջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս