Բաժիններ՝

«Չի զգացվում, որ Հայաստանն այսքան փոքր է». Իվոն Չու

Այսօր մեկնարկել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համաշխարհային համաժողովը, որի ընթացքում ելույթներ են ունենում ոլորտի հայտնի և հաջողակ դեմքեր։ Համատեղ ասուլիսով են հանդես եկել ՀՀ Տիգրան Ավինյանը, ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն նշել է, որ երջանիկ է կրկին լինել Հայաստանում։

«Ես իրոք շատ ուրախ եմ Հայաստանում լինելու համար։ Ես արդեն մի քանի անգամ եղել եմ Հայաստանում։ Ես այստեղ շատ բան եմ տեսել՝ ձեր մարդիկ, ձեր քաղաքացիները, ձեր մշակույթը։ Դրանք իրոք հրաշալի բաներ են։ Հիմա շատ մարդիկ գիտեն Հայաստանը, երեկ երեկոյից ես տեսնում եմ, թե ինչպես են բոլորը աջակցում և որքան հպարտ են։ Հիմա Հայաստանի մասին գիտեն շատ երկրներում։ Ես հույս ունեմ, որ ամեն ինչ Երևանում հրաշալի կանցնի։ Ես ճանապարհորդել եմ 20 երկրներում և ես պատմել եմ այդ երկրներում Հայաստանի մասին։ Չի զգացվում, որ Հայաստանն այսքան փոքր է։ Երբ ես պատմում եմ Հայաստանի մասին, բոլորը ցանկանում են այցելել այստեղ։ Ես նաև ասում եմ, որ կուղեկցեմ նրանց, երբ նրանք գան Հայաստան։ Եվ ես ցանկանում եմ աջակցել Հայաստանին։ Ես ուրախ եմ աջակցության համար, որովհետև ձեր մարդիկ շատ երիտասարդ, շատ պայծառ և շատ տաղանդավոր են»,- նշել է Չուն։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշում է, որ դեռ 2014 թվականից իրենք հնարավորություն են ստացել իրականացնել համաշխարհային համաժողովը։

«Ես կուզեմ նշել, որ մենք դեռ 2014 թվականին շահեցինք իրավունքը՝ անցկացնելու այս միջոցառումը Հայաստանում։ 2014 թվականին դեռ նոր էր սկսվում այս ապակենտրոնացման շարժումը, և այսօր աշխարհում և տեխնոլոգիական ոլորտում շատ տարբեր ուղղություններով օգտագործվում է հենց ապակենտրոնացման գաղափարը։ Ուզում եմ նշել, որ մենք այս տարի ունեցել ենք 602 գրանցված մարդ, ովքեր գրանցվել են այս միջոցառմանը, և սա WCIT-ի պատմության մեջ ռեկորդ է։ Մենք աշխարհի տարբեր երկրներից ունենք մի շարք հյուրեր և լրագրողներ։ Ես ուրախ եմ, որ Հայաստանն այս օրերին լինելու է աշխարհի տեխնոլոգիական կենտրոն»,- նշել է Ալեքսանդր Եսայանը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտում է համաժողովի ընթացքում ապակենտրոնացման գաղափարի մասին։

«Այս միջոցառման գաղափարը՝ ապակենտրոնացման ուժը, անմիջականորեն կապված է այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել 2018 թվականին։ Մենք հավատացած ենք, որ այս միջոցառումն անցնելու է ամենաբարձր մակարդակում։

Կարծում եմ, որ այս միջոցառումը կարելի է համարել կարևոր հանգրվան, որովհետև միջոցառումը բավականին հեղինակավոր է և առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։ Բայց ընդհանուր առմամբ նման միջոցառումները պետք է լինեն շարունակական։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հնարավորությունները գրեթե անսահմանափակ են։ Դրանք անսահմանափակ են՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ մյուս երկրներում։ Յուրաքանչյուր երկիր ուղակիորեն  պետք է մշակի իր քաղաքականությունը, որպեսզի գալիք սերունդներն ավելի ու ավելի բարելավեն այս ոլորտում թվայնացման պրոցեսները և  նոր պրոդուկտներ ստեղծեն։

Կարևորագույնը, ինչ կարելի է քաղել այս միջոցառումից, կապերն են։ Կապերը, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել։ Մենք ենթադրում եք, որ այս տարվա ավարտին 50 տոկոս դպրոցներում մենք կունենանք ինժեներական լաբորատորիաներ։ Դրա կազմակերպման աշխատանքները ևս իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Ես կարծում եմ, որ մենք մեր տնային աշխատանքը բավականին գրագետ ենք իրականացնում։ Կարծում եմ նաև, որ ոլորտը, որը ունի հնարավորությունն այս կապերը ստեղծելու և օգտագործելու, չպետք է բաց թողնի այն։

Կարող եմ ասել, որ մենք ունենք ոլորտում ներդրողական տարատեսակ ծրագրեր, որոնք իրականացվում են պետության աջակցությամբ։ Այս պահի դրությամբ կարող եմ մատնանշել «Ինժեներական քաղաքի» նախագիծը, որն իրականացնում ենք Համաշխարհային բանկի հետ։ Սա մի ենթակառուցվածքի ստեղծում է, որը կմիավորի տարբեր ընկերությունների մեկ վայրում և այնպիսի թանկարժեք գործիքակազմով կլրացնի այդ կենտրոնը, որոնք իրեն թույլ տալ չի կարող առանձին փոքր ընկերությունը»,- նշել է Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ համաժողովի  իր նշանակությամբ և ազդեցությամբ  չափազանց կարևոր՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) հիմքերը դրվել էին դեռևս նախկին իշխանությունների օրոք: 

2015թ. մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի էր ունեցել 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Էմիլ Տարասյանը: Համաձայնագիրը ստորագրել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության այն ժամանակվա տնօրեն Հայկ Չոբանյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթն իր խոսքում նշել էր` «Շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում, որ 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը տեղի է ունենալու Հայաստանում, և դուք դա շահել եք: Երկրի ընտրության հարցում ամենակարևոր չափանիշն այն է, թե տվյալ երկիրը որքանով է տրամադրված ու պատրաստ այս ոլորտը զարգացնելու և ներդրումներ կատարելու։ Բացի այն, որ Հայաստանը լավ փաթեթ էր ներկայացրել, մենք նաև տեսանք այդ լրջությունն ու պատրաստակամությունը հենց Հայաստանում»:

Իսկ  2017թ. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էր ընդունել Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս