Բաժիններ՝

«Ինձ համար ակնկալելի փաստ էր, որ Գագիկ Համբարձումյանի նկատմամբ կարող են որոշակի հետապնդումներ լինել. երևույթն իրեն երկար սպասեցնել չտվեց». Գևորգ Գրիգորյան

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ.Ա.   Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում» երեկ ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Ինչպես նշված էր կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին իրավական հիմքով ազատել է աշխատանքից։ Վերջինիս որդին էլ, որը ևս կենտրոնի աշխատակիցներից է, որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:

«Աշխատանքից ազատված բժշկի տղան ներխուժել է տնօրենի աշխատասենյակ, վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ աշխատանքից ազատված բժշկի որդու քիթը վիճաբանության ժամանակ կոտրվել է, նրան արդեն վիրահատել են։

Միջադեպի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումն» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի:

Կարդացեք նաև

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի էլ՝ այս ամբողջ պատմության պատճառն այն է եղել, որ նախարարի հովանավորյալ տնօրենն ազատված աշխատակցի հետ չի կարողացել կիսել հիվանդից վերցրած գումարը, դրա համար է ազատել աշխատանքից։ Այլ վարկածի համաձայն՝ կոտրվածք ունեցողի հայրը նախկին տնօրենին մի քանի անգամ բարձրաձայն պաշտպանել է, դրա համար նոր ԺՊ-ն քեն է պահել։ 

Ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն անդրադառնալով միջադեպին և դրա հետ կապված Արսեն Թորոսյանի գրառմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այն ժամանակ, երբ Գագիկ Համբարձումյանի որդուն վիրահատում էին ստացած վնասվածքի պատճառով, Թորոսյանն «Ասադոր» ռեստորանում ընթրում ու ստատուս էր գրում։

«Տեղեկացնում եմ, որ պետության կողմից ուռուցքաբանական վիրահատությունները նման ծիծաղելի գումարներով հաշվարկելու պարագայում, միշտ էլ լինելու է գումարների «շորթում», քանի որ վիրահատության համար անհրաժեշտ գործիքները թանկ են…

Երբ ես զգուշացնում էի այդ մասին, հա՛մ ժողովուրդը, հա՛մ էլ բժիշկները պնդում էին, որ «նախարարը վիրահատությունները դարձրել ա անվճար», ու չէին ուզում լսել, որ դա աշխատող ծրագիր չի…

Սա դեռ «առաջին ծիծեռնակներն» են… նման դեպքեր դեռ բազմաթիվ են լինելու, իսկ նախարարը` ժողովրդին բժիշկների հետ կռվացնելով, շարունակելու է այդ աղմուկի շղարշի ներքո ավելացնել իր կնոջ ղեկավարած հիմնարկի պետական ֆինանսավորումը»,- գրել է Գ. Գրիգորյանը։

168.am-ի հետ զրույցում ուռոլոգը՝ բնորոշելով տեղի ունեցած միջադեպը, նկատեց, որ ցանկացած տեսակի բռնություն դատապարտում է, մասնավորապես, եթե այդ բռնությունը կապված է առողջապահության ոլորտի հետ, քանի որ դա այն բնագավառն է, որտեղ մարդիկ միմյանց նկատմամբ կոլեգիալ են, և բոլոր հարցերը լուծվում են սպիտակ խալաթի պատվին հարիր։

«Ինձ համար այս երևույթն անընդունելի է։ Եթե փորձենք դիտարկել ու հասկանալ այս ամենի պատճառը, ապա մի փոքր պետք է հետ գնանք։ Ուռուցքաբանության համար հաշվարկված գումարները ծիծաղելի են, որոնք այսպես պաթոսային կերպով հայտարարվեցին, թե ուռուցքաբանությունն այլևս անվճար է։ Բնական է, որ բուժառուն, եթե ցանկանում է որակյալ բուժում ստանալ,  որակյալ սարքերով, ապա հավելավճարների գաղափարը լինելու է։ Պարտադրել բժիշկներին, որպեսզի իրենք անեն անորակ գործ, ինչ է թե՝ նախարարի ասածն իրականություն դառնա՝ ճիշտ չէ»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա կարծիքով՝ Գագիկ Համբարձումյանի նկատմամբ կա որոշակի նախատրամադրվածություն, քանի որ երբ կենտրոնի տնօրենին՝ Արմեն Տանանյանին աշխատանքից ազատեցին, նա այն եզակի մարդկանցից մեկն էր, ով պաշտպանեց  ու հայտարարությամբ հանդես եկավ, որ չի կարելի նման բան անել։

«Ինձ համար ակնկալելի փաստ էր, որ Գագիկ Համբարձումյանի նկատմամբ կարող են որոշակի հետապնդումներ լինել, ինչպես տեսնում ենք՝ երևույթն իրեն երկար  սպասեցնել չտվեց։ Դիմումը, որը հրապարակել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը, որը նախարարը հրապարակել էր նաև իր էջում, այնտեղ ֆիքսել եմ Հռիփսիմե Խուդաղուլյան անուն-ազգանունով կնոջ, elections.am  կայքում նայել եմ, նման անունով մարդ գրանցված չէ։ Կուզեի, որ սա իմ կողմից լիներ զուտ թերացում, կամ դրան այլ մեկնաբանություն տրվեր, բայց չէի ցանկանա, որ սա լիներ, այսպես ասած, «սարքած» գործ՝ Գագիկ Համբարձումյանին աշխատանքից ազատելու և նրա որդու քիթը կոտրելու համար։ Գործից հանելով, քիթը ջարդելով՝ մենք տեղից չենք շարժվի, որովհետև, եթե այսօրվա պաշտոնյաներն իրենց իրավունք են վերապահում նման կերպով հարցերը լուծել, ապա մյուսներն ու հաջորդներն էլ կվերապահեն։ Սա շատ մեծ ցնցում է առողջապահության նման սոցիալական ոլորտի համար, հատկապես՝ ուռուցքաբանության։ Այսօր մենք այդ ոլորտում զրկվեցինք մեկ պրոֆեսիոնալից էլ, ով տարիներ շարունակ իր ուսերի վրա պահում էր  որովայնային վիրաբուժության բաժանմունքը։ Նա հերթական պրոֆեսիոնալն էր, ով լքեց աշխատանքը, չգիտեմ, թե առաջիկայում մենք ինչպես ենք շարունակելու սպասարկել մեր հիվանդներին»,- շեշտեց ուռոլոգը։

Հարցին՝ միջադեպի հետ կապված Առողջապահության նախարարի գրառումն իրավաչա՞փ էր, Գ. Գրիգորյանը պատասխանեց, որ երկու տեսանկյունից կարող է մեկնաբանել այն։

«Ինձ մոտ էլ է այն տպավորությունը, որ նախարարն այդ գրառումով փորձում է արդարացնել տեղի ունեցածը, սակայն չեմ ցանկանա, որ նման կերպ լինի իրողությունը։ Որպես պաշտոնյա, ոլորտի պատասխանատու, կարծում եմ՝ նման գրառումն էթիկական չէր, չնայած մեր նախարարին էթիկայի նորմերը բացատրելու համար բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ։ Էթիկական չէր, քանի որ միջադեպի արդյունքում մարդ է տուժել, նրան վիրահատել են, և նման խիստ դատապարտող գրառում կատարելը տվյալ պարագայում ճիշտ չէր։ Որպես ՀՀ քաղաքացի և նախարարին գրեթե հասակակից՝ ասեմ որ նման կոշտ արձագանքներ տալու համար մարդ պետք է համապատասխան կենսակերպ ու անցած ճանապարհ ունենա, քանի որ պաշտոնը թույլ չի տալիս մարդու վրա ձեռք բարձրացնել և դա մարսել, նման բաներ անթույլատրելի են հանրության կողմից»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է իր այն դիտարկմանը, որ նախարարը ժողովրդին բժիշկների հետ «կռվացնելով՝ շարունակելու է այդ աղմուկի շղարշի ներքո ավելացնել իր կնոջ ղեկավարած հիմնարկի պետական ֆինանսավորումը», Գևորգ Գրիգորյանը շեշտեց, որ Արսեն Թորոսյանի տիկնոջ հիմնարկն այս տարի գրանցել է պետական ֆինանսավորման քառապատիկ ավելացում։

«Մեր հարցին, թե դա ինչպե՞ս է ստացվել, տիկինը պատասխանել է, որ այդ ֆինանսավորումն արդեն սպառվել է, դա սեպտեմբերին էր։ Պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարվա 22 մլն 700 հազար դրամի փոխարեն՝ այսօր արդեն 86 միլիոնի է հասնում նրա ղեկավարած հիմնարկի ֆինանսավորումը։ Եթե մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ապա իր կնոջ պետպատվերը  չորս անգամ ավելացնելը ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա, այն հո պոզով-պոչով չի՞ լինոււմ»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է վիրահատված բժշկի առողջական վիճակին, Գևորգ Գրիգորյանն ասաց, որ նրա հետ անձամբ ծանոթ չէ, բայց հրապարակված նկարների համաձայն՝ նրա վիճակը բարվոք չէ, քանի որ քիթը կոտրել են։

«Հուսանք՝ նա շուտ կապաքինվի և իր ցուցմունքով լույս կսփռի եղելության վրա»,- եզրափակեց ուռոլոգը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս