Բաժիններ՝

Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված հանսիավոր միջոցառմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով և նշել:

«Մեծարգո՛ պարոն դեսպան,
Տիկնայք և պարոնայք
Հարգելի բարեկամներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։

Այս կարևոր իրադարձությամբ սկիզբ դրվեց միավորված Գերմանիայի զարգացմանը և հզորացմանը՝ ճանապարհ հարթելով հետագայում միջազգային ասպարեզում երկրի ծանրակշիռ դերակատարության և հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Գերմանիայի բարեկամ ժողովրդի բարգավաճմանը:

Այսօր իր ժողովրդավարական արժեհամակարգով, տնտեսական և սոցիալական զարգացվածությամբ Գերմանիան մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի համար, հանդիսանում է պետականաշինության օրինակելի մոդել և վստահելի գործընկեր:

Մենք հաստատել ենք արդյունավետ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում։

Հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, գիտակրթական և մշակութային բնագավառներում։ Գերմանիան Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանը հաստատակամ աջակցություն ցուցաբերող երկրներից է։

Այսուհանդերձ, կարծում եմ՝ մեր մեծագույն ձեռբերումը մեր ժողովուրդների միջև բարեկամությունն է, ինչն էլ իր հերթին ամուր հիմքեր է ստեղծել մեր միջպետական հարաբերությունների համար. հարաբերություններ, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Հավատացած եմ, որ համատեղ ուժերով կշարունակենք նպաստել հայ-գերմանական օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գերմանիային և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս