Բաժիններ՝

Ոչ թե խաղամոլությունն են նվազեցնում, այլ աշխատատեղեր են կրճատում. Օրենքի նախագծի խաբկանքը

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը և բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը:

Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում ընդունվեց 93 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում արվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, բուքմեյքերական գրասենյակների տարածքը չպետք է գերազանցի 200 քառ. մետրը:

Օրենքի ընդունումից հետո ՀՀ տարածքում բուքմեյքերական գրասենյակներ առկա են լինելու հետևյալ տրամաբանությամբ՝ ամեն կազմակերպությունից  յուրաքանչյուր մարզկենտրոնում, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կլինեն մեկական բուքմեյքերական գրասենյակներ:

Բուքմեյքերական գրասենյակներ կլինեն նաև այն 4 քաղաքներում (Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի և Սևան), որտեղ առաջարկվող նախագծով թույլատրվում է խաղատների գործունեությունը:

Օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020թ. նոյեմբերից:

168.am-ի հետ զրույցում բուքմեյքերական գրասենյակների ներկայացուցիչներն ասացին, որ օրենքը, ըստ էության, որևէ կապ չունի խաղամոլության կարգավորման հետ, ինչպես ներկայացնում են օրենքի նախագծի հեղինակները:

«Գոյություն ունի վիճակագրություն, որին միշտ հղում ենք արել՝ ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահին, ԱԺ նախագահին, անգամ ՀՀ վարչապետին ներկայացնելով: Խաղամոլության իրական կշիռն ինտերնետ տիրույթում է: Եթե հանուն ՀՀ քաղաքացու ձեռնարկվում է միջոցառում, որպեսզի կանխվի խաղամոլությունը, պետք է այդ միջոցներն ինտերնետ տիրույթի հետ կապված ձեռնարկվեն, ոչ թե բուքմեյքերական գրասենյակների, որոնք այսօր աշխատատեղի ռեալ հարց են կարգավորում»,- նշեցին բուքմեյքերական գրասենյակների ներկայացուցիչները:

Նրանց փոխանցմամբ՝ օրենքի ընդունումը հանգեցնելու է աշխատատեղերի կրճատման:

«Եթե մեկ ընկերություն այսօր միջին հաշվով ունի  մինչև 145 բուքմեյքերական կետեր, պատկերացրեք՝ ամեն ընկերությունում 6 անգամ գործի ծավալը կրճատվում է, սրանից հետևություն, որ կրճատվելու են աշխատատեղերի քանակներ, մուտքերը բյուջե, և այլն: Ինչ ծավալով որ կրճատվում է ձեռնարկատիրական գործունեությունը, նույն ծավալով կարող եք հաշվել վնասները»,- հավելեցին նրանք:

Ինչ վերաբերում  է քննարկված հարցին, թե օրենքի նախագծով կինն արգելում է ամուսնուն գնալ խաղատուն, բուքմեյքերական գրասենյակի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում ասացին, որ նման օրենք չի եղել, այս նոր նախագծով է սահմանված, որ, եթե ընտանիքի անդամներից որևիցե մեկը դիմում է դատարան, ապա դատարանը հրապարակում է համապատասխան վճիռ, որպեսզի մարդը չտարվի մոլախաղերով, ընտանիքը զերծ մնա ֆինանսական ծանր վնասներից, կորուստներից:

«Նախագծում միակ դրույթն է, որին դրական ենք արձագանքում: Այն վաղուց պետք է լիներ: Մինչ այժմ բարոյական նորմերից դրդված է եղել: Եթե ընտանիքի անդամը դիմել է կազմակերպության ղեկավարությանը, ինքներս ենք միջոցներ ձեռնարկել՝ հորդորելով, արգելելով, զրուցելով, որ՝ ընկեր ջան, գիտե՞ս, թե ինչ կա, մենք ուզում ենք, որ չգաք, չմտնեք մեր գրասենյակներ, որպեսզի ձեր կինը, մայրը, քույրը համապատասխան բողոքով հանդես չգան: Դա եղել է մարդկային հարաբերությունների կարգավորման շրջանակներում»,- նշեցին նրանք:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս