«Թող իրավապահ մարմինները որոշեն՝ կա՞ն չարաշահումներ, թե՞ ոչ։ Երբ դա լինի, այդ ժամանակ էլ կխոսեմ». Արա Վարդանյան

ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2018 թվականի օգոստոսի 29-ից 2019 թվականի սեպտեմբերի 30-ն իրականացրած ստուգումների արդյունքները:

Պալատի եզրակացության մեջ նշվում է, որ ստուգման ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

«168 Ժամի» հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց. «Հաշվեքննիչ պալատի քննությունը վերաբերել է մինչև 2017 թվականը ներառյալ, այսինքն՝ ինչ-որ արվել է, իրենց կողմից է արվել,  իրենց աուդիտն է, այսպես ասած»:

Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Իրենք արել են իրենց դատողությունները: Ես իմ կատարած աշխատանքի վրա վստահ եմ։ Թող իրավապահ մարմինները որոշեն՝ կա՞ն չարաշահումներ, թե՞ ոչ։ Երբ դա լինի, այդ ժամանակ էլ կխոսեմ»:

Նշենք, որ անապահով ընտանիքների բնակարանների, հիմնանորոգված մանկապարտեզների ու դպրոցների գույքի համար կնքված պայմանագրերով կենցաղային տեխնիկան ձեռք է բերվել 23 մլն 609 հազար 100 դրամով, հիմնադրամին վաճառվել՝ մոտ 40 մլն դրամով:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տարբեր քաղաքներում երաժշտական փառատոնի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար հիմնադրամը 626,756.9 հազ. դրամ արժեքով, թվով 10 մասնակի ֆինանսավորման պայմանագրեր է կնքել «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-ի հետ: Ըստ ներկայացված հաշվետվությունների՝ փաստացի ծախսը կազմել է 609,917.9 հազ. դրամ, ֆինանսավորումը՝ 604,139.5 հազ. դրամ: Ըստ կնքված պայմանագրի՝ ֆինանսավորվողը պարտավոր էր կազմակերպված համերգից ստացված ողջ եկամուտը փոխանցել ՀՀ պետական բյուջե: Երևանում կազմակերպված Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ կայացած համերգից (պայմանագիր թիվ 78/0308 կնքված 03.08.2015թ.) Հիմնադրամի հաշվին փոխանցվել է 3,472.9 հազ. դրամ, Բրյուսելում կայացած Բրյուսելի ազգային նվագախմբի համերգից (պայմանագիր թիվ 51/0405 կնքված 22.04.2015թ.) 8,721.2 հազ. դրամ, իսկ Նյու Յորքում կայացած «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ համերգից (պայմանագիր թիվ 53/1905 կնքված 19.05.2015թ.)՝ 34,540.9 հազ. դրամ: Ընդհանուր առմամբ Հիմնադրամի հաշվին փոխանցվել է 46,734.9 հազ. դրամ, սակայն ՀՀ պետական բյուջե ոչ մի գումար Հիմնադրամի կողմից չի փոխանցվել: Ամբողջ գումարը հիմնադրամի կողմից օգտագործվել է սեփական կարիքների համար»,- ասված է ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացության մեջ:

ՀՀ հաշվեքննիչ պալատի ամբողջական եզրակացությունն՝ այստեղ.

Մարիամ Պետրոսյան 

Տեսանյութեր

Լրահոս