Ինչպես է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը» ծախսել վարկային և դրամաշնորհային միջոցները. Հաշվեքննիչ պալատը եզրակացություն է հրապարակել
միլիոնավոր դոլարներ, Հաշվեքննիչ պալատ, ՔՊ, համավարակ
Հաշվեքննիչ պալատը հրապարակել է Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ ընթացիկ եզրակացություն, որը վերաբերում է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրականացված միջոցառումների ուսումնասիրությունը։
Հաշվեքննության ընթացքում համեմատվել են «Վանաձոր ԲԿ», «Արտաշատ ԲԿ»-ների արդիականացման նպատակով սարքավորումների և կահույքի ձեռքբերման նպատակով իրականացված մրցույթին մասնակցող կազմակերպությունների ներկայացրած գնային առաջարկները։
Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ, եթե 2017-2018 թթ. ընթացքում ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի կողմից անցկացված մրցույթն անցկացվեր առանձին չափաբաժիններով գնահատվելու սկզբունքով, ապա կտնտեսվեր 184,441,6 հազար դրամ։
Հաշվեքննիչ պալատն առաջարկել է այսուհետ բժշկական սարքավորումների և կահույքի նախահաշվային գները սահմանելիս հաշվի առնել նախորդ մրցույթներում հաղթող ճանաչված և չհաղթած կազմակերպությունների կողմից ներկայացված գնային առաջարկները։
Հաշվեքննիչ պալատը համեմատություն է անցկացրել նաև բժշկական սարքավորումների, կահույքի և այլ պարագաների ձեռքբերման գների միջև և պարզել, որ 167 անվանում բժշկական սարքավորումների, կահույքի և այլ պարագաների ձեռքբերման և մատակարարման տարբերությունը կազմել է 847,169 հազար դրամ կամ 63 տոկոս։
Պալատն առաջարկել է այդ մեծ տարբերությունը նվազեցնելու համար բանակցել ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ։
Հաշվեքննության են ենթարկվել նաև 2018 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում «Սևանի ԲԿ», «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ների համար մատակարարված բժշկական սարքավորումների միավոր գները և դրանք համեմատվել են «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ-ի միևնույն տեխնիկական բնութագրերով 2017 թվականին մատակարարված բժշկական սարքավորումների գների հետ։
Համեմատության արդյունքում Հաշվեքննիչ պալատն արձանագրել էանհամապատասխանություն։
Օրինակ՝ «Սևան ԲԿ»-ի և «Արտաշատ ԲԿ»-ի համար անցկացված մրցույթում «Սեղանի ավտոկլավ» սարքավորումը 2017 թվականին ձեռք է բերվել 1,900 հազար դրամով, սակայն 2018 թվականի նախահաշվում նշված սարքավորման արժեքը սահմանվել է 3.800 հազար դրամ, որը ձեռք է բերվել 2,367 հազար դրամով։
Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ վարկային միջոցների հաշվին ԱՆ ԾԻԳ-ի կողմից ձեռք բերված սարքավորումների գները չեն բավարարում արդյունավետության և խնայողության սկզբունքներին։
Համեմատության են ենթարկվել 167 անվանում՝ գումարով 2,186,572,1 հազար դրամի բժշկական սարքավորումների և բժշկական պարագաների գները, մատակարարների կողմից ձեռք բերված գների հետ։
«Հեմոդիալիզի սարքը և պարագաները՝ 15 հատ՝ «Ֆրեզեն», ՀՀ է ներմուծվել 62,322,5 հազար դրամով, որոնք ներմուծող ընկերության կողմից մատակարարվել են 171,000 հազար դրամով։
«Ֆրեզեն»-ի ձեռքբերման և վաճառքի գների տարբերությունը կազմել է 174,4 տոկոս։
Հաշվեքննության արդյունքում պազվել է, որ 167 անվանում բժշկական սարքավորումները, կահույքը ձեռք են բերվել 1,339,403 հազար դրամով, մատակարարման գների տարբերությունը կազմել է 847,169 հազար դրամ կամ 63 տոկոս, ուստի Հաշվեքննիչ պալատն առաջարկում է նվազեցնել այդ մեծ տարբերությունը։
«Վանաձորի ԲԿ»-ին «Ար. Մեդտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականի նոյեմբերին մատակարարվել է «Լապարասկոպիկ հավաքածու»՝ 102,500 հազար դրամով, բայց նույն օրը նույն ընկերությունը հավաքածուն ձեռք է բերել այլ ընկերությունից 38, 970 հազար դրամով, այսինքն՝ «Լապարասկոպիկ հավաքածուն» Վանաձորի ընկերությանը մատակարարվել է 259 տոկոս բարձրացված արժեքով։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 2015-2018թթ. գործունեության վերաբերյալ։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ