«Արդեն իսկ իշխանության ներսում ակնհայտ ճաքեր կան». Աղվան Վարդանյան

Մենք այսօր ունենք մեկ մարդու բացարձակ իշխանություն՝  անկանխատեսելի և իշխանությունը ցանկացած գնով պահելու պատրաստ մարդու: Մենք այսօր իրականում չունենք Ազգային ժողով, Գործադիր իշխանություն, որոշ գործերով նաև՝ դատական իշխանություն, այս ամենը փոխարինված է մեկ անձի անկանխատեսելի ձգտումներով և ցանկություններով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նախկին դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը:

– Իհարկե, ԱԺ-ում կան մարդիկ, որոնք կարող են այլ նորմալ պայմաններում լինել պատգամավոր: Կառավարությունում նույնպես կան մարդիկ, որոնք այլ պայմաններում կարող են գործադիրում աշխատել: Դատական համակարգում ևս կան մարդիկ, որոնք կարող են ինչ-որ չափով դատական անկախություն ապահովել, բայց այս բոլորն ի չիք է դառնում, երբ բոլորը ենթարկվում են, ենթարկեցվում մեկ մարդու ցանկություններին: Եվ, ցավոք, ո՛չ ԱԺ-ում, ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ դատական համակարգում չկան այնպիսի միավորումներ, նույնիսկ՝ անհատներ, որ կասեն՝ ոչ, համաձայն չենք, սա ճիշտ ճանապարհ չի: Անողնաշար, անսկզբունք, ցանկացած հարցում ղեկավարի ասածը թութակի պես կրկնելու, խամաճիկի նման շարժումներ անելու սովոր մարդիկ են: Կրկնում եմ՝ կան բացառություններ, բայց այդ բացառությունները ևս շատ հազվադեպ են իրենց՝ իբրև անհատականություն, պետական մարդիկ դրսևորում: Սա է մեր իրականությունը:

Դատական համակարգում կատարվողն ակնհայտ բռնի ճնշում է, հատկապես՝  ՀՀ երկրորդ նախագահի հետ կապված գործի առումով: Այստեղ բացարձակապես գոյություն չունի «Մարտի 1»-ի գործ, այստեղ կա մեկ անձի հանդեպ քաղաքական հետապնդում, քաղաքական հալածանք: Ակնհայտ է՝ ՍԴ-ի որոշումից հետո պարոն Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է ՀՀ-ում: Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին, այդ  երիտասարդների կալանավորումը խայտառակ դրսևորում է, որը բացարձակ կապ չունի իրավունքի, ժողովրդավարության հետ և նույն նպատակին է ծառայում: Բայց ցանկացած իրականության մեջ միշտ հնարավոր է ելքեր գտնել:

Ասում են՝ անհնարինը հիմարների բառապաշարի բառ է: Ես հույս ունեմ, որ ՍԴ-ն իր հիմնական մասով կգտնվի բարձրության վրա, և ինչ որոշում էլ կայացնի ԱԺ-ն, իսկ այն  կայացնում է մի որոշում, որն իրեն թելադրում է մեկ անձ, ՍԴ-ն պիտի կարողանա պահպանել գոնե դատարանի սահմանադրականության վերջին հանգրվանը և թույլ չտա սա ևս ոչնչացնել: Արդեն իսկ գործի է դրվել ռեպրեսիվ  մեքենան, և ես գիտեմ, տեսնում եմ այս ղեկավարի, իշխանության բնույթը, որ նա որևէ բանի առաջ կանգ չի առնի, միայն թե կարողանա իր ցանկությունները կատարել, իր իշխանությունը պահպանել: Հուսամ, որ ՍԴ-ն կգտնվի իր բարձրության վրա: Վստահ եմ, որ սրան կհաջորդեն այլ գործողություններ: Ինչ-որ չափով կհաջորդեն անպայման նաև եվրոպական կառույցների գնահատականները, բնորոշումները: Այն, ինչ մայիս ամսից կատարվել է դատական համակարգի հանդեպ, ուղղակի բռնի ճնշում է՝ մեկ անձի կամքին ենթարկեցնելու դատական համակարգը:

– Ո՞ր դեպքում ՀՀ երկրորդ նախագահն ազատ կարձակվի, ի՞նչ զարգացում պիտի լինի, որ իշխանություններին ստիպի գնալ  դրան:

– Կա մյուս խնդիրը. Մենք տեսնում ենք, որ այնքան  աներևակայելի են գործողությունները, այնքան անկանխատեսելի, որ նույն իշխանության մեջ հայտնվում են առաջին դեմքեր, ոչ երկրորդական, որոնք ասում են՝ այսպես հնարավոր չէ, որ սա տանելու է վատ տեղ, հարվածելու է պետականությանը, արտաքին հարաբերություններին, հարվածի տակ է դնելու Արցախի խնդիրը: Արդեն կան «ո՛չ» ասելու օրինակներ: Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր իշխանությունը հիմնված է բացառապես վրեժխնդրությամբ տառապող հատվածների վրա:

Դա վաղուց ամենահին, մեռած, բայց կենդանության նշաններ ցույց տալ փորձող ՀԱԿ-ն է՝ իր հայտնի դեմքերով, դա ահաբեկիչների կազմակերպությունն է, որի հետ հանդիպումն ուղղակի նշանակում էր՝ թքել իրավապահ համակարգի վրա: Նրանց մոտ են մնացել բացարձակապես հայկականության, ազգային պետական շահերի  հետ կապ չունեցող որոշ կազմակերպություններ, անհատներ, և մարդկանց օր օրի նվազող մի զանգված, որոնք չեն կարողանում ընդունել իրենց մեղքը, որ ժամանակին այսքան ոգևորվել են այս «փոփոխություններով»: Մնացյալ բոլորը՝ քիչ թե շատ մտածող մարդիկ, պետականության զգացողություն ունեցող միավորումները, այսօր մյուս դաշտում են:

Պարոն Վանեցյանի հրաժարականը, Օսիպյանի հրաժարեցումը նոր դուռ են բացում: Եվ ես կարծում եմ, որ այս իշխանության վարքագծին «ոչ» ասողների, սրա վտանգավոր հետևանքները գիտակցող շրջանակները՝ քաղաքական ուժեր, միավորներ, անհատներ, հասարակական կազմակերպություններ, այսօր այլ ելք չունեն, քան միավորվելը, քան կոնկրետ օրակարգեր ձևակերպելը:

Խնդիրն այն  է, որ տարբեր հատվածներից, խմբերից, քաղաքական ուժերից  յուրաքանչյուրը տեսնում է այս ահավոր ընթացքը, բայց յուրաքանչյուրը մտածում է՝ հանկարծ ինքը չասոցիացվի նախկինների հետ, մյուս ուժի հետ: Կամ հանկարծ ինքը մենակ չմնա և թիրախ չդառնա: Իսկ թիրախ դարձնելու հարցում պրոֆեսիոնալ են այս իշխանությունները: Տեսեք, թե սոցիալական ցանցերում ֆեյքերի ինչ ակտիվություն է գործադրվում, և մարդիկ ուղղակի զգուշանում են, որ թիրախ չդառնան, հարվածի տակ չմնան:

Բայց ես կարծում եմ, որ կան հստակ օրակարգեր, թեկուզ՝ սկզբում մեկ-երկու, իսկ թիվ մեկ օրակարգը, իմ պատկերացմամբ, այս իշխանության, այս անձի հեռացումն է իշխանությունից: Եվ այս օրակարգերի շուրջ համախմբվելով՝ մարդիկ, խմբերը, ուժերը կարողանալու են ձևավորել քաղաքական օրակարգ: Եվ եթե այդ համախմբումը կայացավ,  և դրան հետևեցին կոնկրետ գործողություններ,  վստահ եմ՝ այս իշխանությունը, այս մեկ անձը չի կարողանալու մնալ ու շարունակել իր կործանարար ընթացքը: Արդեն իսկ իշխանության ներսում ակնհայտ ճաքեր կան, ձևավորվում են խմբեր, ուժեր, և ես կարծում եմ, որ համախմբումն այլընտրանք չունի: Երկրի այսօրվա վարչապետին «ոչ» ասողներն անընդհատ ավելանալու են, համախմբվելու և լուծումներ են գտնելու:

– Դուք կողքից դիտելով՝ ի՞նչ կարող եք ասել՝ Դաշնակցությունը սրբագրումնե՞ր արեց, թե՞ նոր սխալներ:

– Ես չեմ մեկնաբանում Դաշնակցության գործունեությունը զուտ բարոյական տեսակետից, բայց այն, ինչ հետևում և տեսնում եմ՝ շատ մեծ տարբերություն ունի այն քաղաքականությունը, որն անում էին իշխանության թավշյա զավթման ամիսներին: Այդ տարբերությունը նկատելի է, բայց որքանով իրենք կկարողանան նաև համախմբող դեր ստանձնել, հուսամ, որ կփորձեն առնվազն:

Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։ Ավելի կոնկրետ՝ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը:

– Ինչ կարող եմ ասել՝ նույն  օրակարգն է. Երկրորդ նախագահի վրա կարված գործի հերթական տրյուկներն են, որևէ բան չի ավելացվելու: Պարզ է, որ պարոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքները կապ չունեն այս ամենի հետ: Եվ սա ընդամենը հասարակության այն հատվածի վրա, որն առաջնորդվում է էմոցիաներով և իր սխալը չընդունելու պատկերացումներով,  ազդելու և հանրային տրամադրություններ ստեղծելու նպատակ է հետապնդում: Ես համոզված եմ՝ այն, ինչ արվում է  Երկրորդ նախագահի հանդեպ, ուղղակի վրեժխնդրություն է, սեփական մեղքը թաքցնելու և դրանից ազատվելու փորձ է, գումարած՝ աշխարհաքաղաքական իրողությունները: Վաղ թե ուշ պարոն Քոչարյանի գործով մեղադրանքները դառնալու են աբսուրդ, որևէ կերպ չեն հաստատվելու: Եվ եթե այսօր իսկ լինի արդար դատաքննություն, պարզ է՝ պարոն Քոչարյանը պետք է ազատ արձակվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ 168.am-ի տեսանյութում

Մարիամ Պետրոսյան

 

Տեսանյութեր

Լրահոս