ԿԺԴՀ-ն և ԱՄՆ-ը աշխատանքային մակարդակով բանակցությունները կսկսեն հոկտեմբերի 5-ին
ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ը աշխատանքային մակարդակով բանակցությունների ձեռնամուխ կլինեն հոկտեմբերի 5-ին: Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)՝ վկայակոչելով ժողովրդական հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ցոյ Սոն Հիի հայտարարությունը։
Նշվում է, որ կողմերը նախնական հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 4-ին, իսկ հաջորդ օրը ձեռնամուխ կլինեն աշխատանքային բանակցություններին: «Ես հուսով եմ, որ առաջիկա բանակցությունները կարագացնեն ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը»,-ԿԿՀԳ-ն մեջբերում է Ցոյ Սոն Հիի խոսքը:
ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ բանակցությունները տեղապտույտ են տալիս այս տարվա փետրվարից Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի՝ Հանոյում տեղի ունեցած եւ անարդյունք ավարտված գագաթնաժողովից հետո:
Երկու ղեկավարներն այնուհետեւ հանդիպել են հունիս ամսին՝ Փանմունջոմում եւ պայմանավորվել երկխոսությունը վերսկսելու շուրջ, բայց դա մինչ այժմ տեղի չի ունեցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: