Ի վերջո, ո՞վ է կազմել «Իմ քայլի» աղմկահարույց նախագիծը. կասկածները չփարատվեցին

Տևական ժամանակ է՝ ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կազմած նախագիծը, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը կարգապահական խախտման հիմքով պետք է զրկվի իր՝ ՍԴ դատավորի պաշտոնից, կազմել է ՍԴ դատավոր, իշխանական բարձր հովանու ներքո գտնվող Վահե Գրիգորյանը, նույն այն Վահե Գրիգորյանը, ով ՍԴ դատավորի բաղձալի պաշտոնին հասավ բազում «գլուխների» վրայով, և ով դատավոր ընտրվելու պահից սկսած՝ որևէ գործ չի քննել, աշխատակարգային քննարկումներին չի մասնակցել, որպես զեկուցող դատավոր հանդես չի եկել, բայց ստանում է աշխատավարձ, ու ոչ ցածր, և օգտվում է ՍԴ դատավորին հասանելիք բոլոր արտոնություններից, ներառյալ՝ ծառայողական ավտոմեքենա, և սոցիալական երաշխիքներից։

Հայտնված տեղեկությունները ճշգրտելու համար 168.am-ը հարցում էր ուղարկել նշված խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ վերջինիս ուղղելով հետևյալ հարցերը՝

1. Ովքե՞ր են կազմել նախագիծը կամ որևէ կերպ մասնակցել այդ աշխատանքի կատարմանը (անուն-ազգանուն, պաշտոն, վարչություն/բաժին, իսկ անուն-ազգանվան անհնարինության դեպքում՝ թվարկված մնացյալ տվյալները)։

2. Ե՞րբ է պատրաստ եղել վերոնշյալ նախագիծն այն տեսքով, որով ներկայացվել է ԱԺ նախագահին։

3. Ե՞րբ է այն ներկայացվել ԱԺ նախագահին (ամիս-ամսաթիվ)։

4. Ի՞նչ տարբերակով է հանձնվել ԱԺ նախագահին, արդյո՞ք դա արվել է Mulberry համակարգի միջոցով։

5. Ե՞րբ են Ձեր խմբակցության կողմից նախաձեռնվել նախագծի կազմման աշխատանքները։

Ներկայացնենք նաև Լիլիթ Մակունցի կողմից ստորագրված պատասխանը։

1. ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին ՀՀ Ազգային խողովի նախագիծը (այսուհետ՝ ՀՀ ԱԺ որոշման նախագիծ) կազմվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և փորձագետների կողմից։

2. ՀՀ ԱԺ որոշման նախագիծը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացված տեսքով պատրաստ է եղել սույն թվականի սեպտեմբերի 16-ին։

3. ՀՀ ԱԺ նախագահին ՀՀ ԱԺ որոշման նախագիծը ներկայացվել է 18.09.2019թ.-ին:

4. ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը 18.09.2019թ.-ին առձեռն ներկայացվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության վարչություն, այնուհետև նույն օրը վարչությունը Mulberry համակարգի միջոցով ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը ուղարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

5. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից ՀՀ ԱԺ որոշման նախագծի կազմման աշխատանքները սկսվել են սույն թվականի սեպտեմբերի 4-ից։

Մեր հարցման պատասխան գրության մեջ նշված էր նաև, որ Վահե Գրիգորյանը ՀՀ ԱԺ որոշման նախագծի կազմման և քննարկման աշխատանքներին որևէ մասնակցություն չի ցուցաբերել։

Նկատենք, որ հարցումը, ի թիվս այլնի, բովանդակում էր հարց, թե կոնկրետ ո՞ր անձինք են մասնակցել նախագծի կազմման աշխատանքներին (անուն-ազգանվան նշմամբ)։ Լ. Մակունցի կողմից ներկայացված պատասխանում, սակայն, չի նշվել, թե կոնկրետ ովքե՞ր են կազմել նախագիծը։

Ի դեպ, այդ տեղեկությունը չներկայացնելու որևէ հիմնավորում մեզ չի ներկայացվել, ինչը «Տեղեկատվական ազատության մասին» օրենքի խախտում է։

Այս ամենում ուշագրավ է նաև այն, որ ըստ տիկին Մակունցի՝ նախագիծը պատրաստ է եղել սեպտեմբերի 16-ին։ Նախագծի վերաբերյալ Վլադիմիր Վարդանյանի հարցազրույցից կարելի է փաստել, որ նա իրեն լավ տեղյակ է համարել նախագծից (սեպտեմբերի 17-ին կարծիք հայտնելիս Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ իրենք տեսնում են բավարար հիմքեր՝ կարգապահական պատասխանատվության հետ կապված):

Նախագծի վերաբերյալ համանման պնդումներ և հիմնավորումներ նշված անձի կողմից ներկայացվել են առնվազն մի քանի անգամ։ Ի պատասխան լրագրողի  հարցի՝ նա ասել է, որ պետք չէ ստիպել իրեն պատմել 93 էջի մասին՝ փաստելով իր քաջատեղյակությունը, որից կարելի է եզրահանգել, որ նա իսկապես շատ հանգամանորեն տեղյակ է եղել նախագծից։ Այնինչ հետագայում նախագծի վերաբերյալ լրագրողի այն հարցին, թե նախագծում ներառված կոնկրետ արարքը արդյո՞ք կարգապահական խախտում կարող է համարվել, Վարդանյանը հայտնել է, թե պետք է հասկանալ և քննարկել, թե արդյո՞ք դա կարող էր էական կարգապահական խախտում հանդիսանալ օրենքի իմաստով (մեջբերումները մոտավոր են, քանի որ հարցազրույցն անհետացել է)։

Այսպիսով՝ առաջանում է հակասություն և հարց, թե ինչպե՞ս կարող էր էական կարգապահական խախտման վերաբերյալ նախագիծ կազմած կամ դրանից իրեն քաջատեղյակ համարող մարդը նախագծի պատրաստ լինելուց հետո չիմանալ, թե ըստ նախագծի՝ իմաստով էական կարգապահական խախտումը արդյո՞ք էական կարգապահական խախտում է, թե՞ ոչ, կամ, եթե ավելի հստակ՝ չիմանալ, թե ինչի՞ մասին է նախագիծն ըստ էության: Խոսքը չի գնում այն ընդհանրական տեղեկատվության մասին, որի վերաբերյալ հարցազրույց է տվել Վլադիմիր Վարդանյանը։

Կասկածներն առավել խորացան այն ժամանակ, երբ նշված հարցազրույցի վերաբերյալ տարակուսանքը լրատվամիջոցով տարածվելուց հետո՝ այդ հարցազրույցն անհետացավ համապատասխան լրատվամիջոցից, որի վերաբերյալ պատրաստվում ենք հարցում ուղարկել՝ պատճառների մասին տեղեկանալու համար։

Այսպիսով, մեր կասկածներն առ այն, որ նախագիծը կազմվել է Վահե Գրիգորյանի կողմից, ոչ միայն չփարատվեցին, այլև խորացան՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախագիծը սկզբից մինչև վերջ կրում էր Վահե Գրիգորյանի ձեռագիրը, որը, ի դեպ, շատ սպեցիֆիկ է և տարբերվող։

Ի դեպ, մեր աղբյուրները մեզ հայտեցին, որ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի բոլոր փորձագետները հրաժարվել են կազմել նշված նախագիծը։

Տեսանյութեր

Լրահոս