Աշխատավարձ և պարգևատրում՝ ոչինչ չանելու համար

Անցած շաբաթ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովում սահմանադրական ճգնաժամի մասին սկանդալային հայտարարություն արած և Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամ ընտրված Վահե Գրիգորյանը, պարզվում է, բոյկոտում է Սահմանադրական դատարանի աշխատանքները։

«Թեպետ եկել-աշխատասենյակ է վերցրել, ծառայողական մեքենա ունի, ամեն ամիս բարձր աշխատավարձ է ստանում, բայց իրեն մակագրված գործերը չի ընդունում, չի զբաղվում դրանցով, ՍԴ նիստերին չի մասնակցում, առհասարակ՝ չի աշխատում»,- նշված էր հրապարակման մեջ։

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը չէր հերքել այս տեղեկությունը՝ կայքի հարցմանը պատասխանելով՝ «Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր չի մասնակցել Սահմանադրական դատարանի նիստերին և որոշումների կայացմանը, զեկուցող դատավոր չի հանդիսացել»։

Նա հավելել էր նաև, որ վերոնշյալ խնդրի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռևս որոշում չի կայացրել։

168.am-ը հարցում էր ուղարկել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով տրամադրել ՍԴ դատավորների վարձատրության մասին տեղեկատվություն։

1. Որքա՞ն են կազմում ՍԴ նախագահի և դատավորների աշխատավարձերը։ Վերջին 4 ամիսներին որքա՞ն պարգևավճարներ է նրանցից յուրաքանչյուրը (անվանական) ստացել։

2. ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվելուց հետո մինչ օրս քանի՞ դատական նիստերի է մասնակցել, թվով քանի՞ գործեր են իրեն մակագրվել, որքա՞ն է կազմում նրա աշխատավարձը, և արդյո՞ք նա պարգևավճար ստացել է ընտրվելուց հետո։ Եթե այո, ապա որքա՞ն է ստացել՝ ըստ ամիսների։

ՍԴ աշխատակազմի ղեկավարը մեզ պատասխանել էր, որ ՍԴ դատավորների աշխատավարձերին առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, որի կարգավորումների համաձայն՝ ՍԴ դատավորների յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված և տրամադրված աշխատավարձերի չափը (հիմնական աշխատավարձ և լրացուցիչ՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար օրենքով սահմանված հավելավճար) հետևյալն է՝

Թովմասյան Հրայր՝ 1079405 դրամ,

Թոխյան Ֆելիքս՝ 1246013 դրամ,

Նազարյան Հրանտ՝ 1278321 դրամ,

Խաչատրյան Աշոտ՝ 920669 դրամ,

Գյուլումյան Ալվինա՝ 1031784 դրամ,

Դիլանյան Արման՝ 857174 դրամ,

Թունյան Արայիկ՝ 873048 դրամ,

Պետրոսյան Արևիկ՝ 920669 դրամ,

Գրիգորյան Վահե՝ 793680 դրամ։

Պարգևատրումների վերաբերյալ ՍԴ-ից հայտնել էին, որ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածը՝ տեղեկացնում են մեզ, որ վերջին 4 ամիսների ընթացքում Սահմանադրական դատարանի 9 դատավորների պարգևատրումների հանրագումարը միայն կարող են նշել, ինչը կազմում է 8174904 դրամ։

168.am-ը ՍԴ աշխատակազմից տեղեկացավ նաև, որ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր չի մասնակցել ՍԴ նիստերին և որոշումների կայացմանը, զեկուցող դատավոր չի հանդիսացել։

Այսինքն՝ առկա է մի իրավիճակ, երբ ՍԴ գործող դատավոր Վահե Գրիգորյանը փաստացի չի աշխատում, ՍԴ նիստերին չի մասնակցում, որոշումներ չի կայացնում, որպես զեկուցող դատավոր՝ չի ներկայանում, սակայն ստանում է հարկատուների վճարած հարկերից գոյացած պետականորեն հասանելիք աշխատավարձն ու պարգևավճարները և, բնականաբար, օգտվում սոցիալական երաշխիքներից։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս