Ութ ղեկավարների մասնակցությամբ ԵԱՏՄ նիստը Երևանում տեղի կունենա օրվա երկրորդ կեսին

Եվրասիական տնտեսական բարձրագույն  խորհրդի նիստի շրջանակներում այսօր Երևանում իր աշխատանքն է շարունակում «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովը: Տարվա գլխավոր արտաքին քաղաքական իրադարձություններից մեկի եզրափակիչ՝ «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող նիստին, որի մեկնարկը նախատեսվում է 16:00-ին, մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ՝Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի ղեկավարները, կառույցում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդավայի նախագահը, ինչպես նաև երկու հատուկ հյուր՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ու  Սինգապուրի վարչապետը:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում սեպտեմբերի 30-ից մեկնարկած համաժողովն անցնում է պանելային քննարկումների ձևաչափով, որոնց ընթացքում որպես խոսնակ են հանդես գալիս ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները՝ փոխվարչապետները, տրանսպորտի ոլորտը համակարգող նախարարները, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահն ու նախարարները, ավտոմոբիլային փոխադրումների միջազգային ասոցիացիաների, բիզնես համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախօրեին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ սուր քննարկումներ են ծավալվելու մի շարք հարցերի, այդ թվում՝ ավտոմոբիլային փոխադրումների թեմայի շուրջ:

Բարձրագույն խորհրդի անդամները դիտարկելու են ԵԱՏՄ գործունեության ընթացիկ հարցերը, ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման  հեռանկարային ուղղությունները, հստակեցնելով ԵվրԱզԷս-ի միացյալ շուկայի ավելի լավ աշխատանքի համար խնդիրները, ընդլայնելով համագործակցությունը տնտեսության առանցքային ոլորտներում: ԵԱՏՄ ղեկավարների հաստատմանն է ներկայացվելու միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման կոնցեպցիան, ԵՎրԱզԷս-ի բյուջեն հաջորդ տարվա համար և մի շարք որոշումներ օրենսդրության, տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում ներդաշնակեցման համար: Համաձայնեցվելու են նաև միության 2020 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները: Բացի դրանից,  ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ստորագրում է նախատեսվում ԵվրԱզԷս-ի և Սինգապուրի միջև: Այս աշխատանքների արդյունքներով հրապարակվելու է նաև հռչակագիր:

Տեսանյութեր

Լրահոս