Բաժիններ՝

Առանց Մոուրինիոյի և խելահեղ ինտենսիվության. ինչո՞ւ պետք է ստացվի «Ռոմայում»

Մխիթարյանի տրանսֆերներից շահեց միայն Ռայոլան:

Տեղափոխվելով «Ռոմա»՝ Հենրիխ Մխիթարյանը ավարտեց դժվարին պատմությունը Անգլիայում՝ մեկուկես տարի՝ «Մանչեսթեր Յունայթեդում», և մեկուկես տարի՝ «Արսենալում»: Այս տարիները ցույց տվեցին, որ Պրեմիեր լիգայի ֆուտբոլը նրա համար հարմար չէ: Թիմերի մարզիչները փորձեցին նրան հարմարեցնել իրենց ֆուտբոլին, սակայն թե՛ Մոուրինիոն, և թե՛ Էմերին չկարողացան բացահայտել նրա ներուժը:

Հիմա Հենրիխը վարձավճարով է տեղափոխվել «Ռոմա», բայց շատերը համոզված են, որ 30 տարեկանում Հենրիխը դժվար թե վերադառնա Պրեմիեր լիգա:

Ինչո՞ւ չստացվեց «Մանչեսթեր Յունայթեդում»

Կարդացեք նաև

2015/16 մրցաշրջանից հետո քչերն էին կասկածում, որ Մխիթարյանը աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է՝ իր դիրքում: Այդ մրցաշրջանի ավարտին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (վիճահարույց աղբյուր, բայց այնուամենայնիվ) Միկիին ներառել է Եվրոպայի 20 լավագույն խաղացողների մեջ, բացի այդ, Հենրիխը Ոսկե գնդակի անվանակարգում ընդգրկված էր լավագույն 50 խաղացողների մեջ: Մրցաշրջանում 13 գոլը և 20 գոլային փոխանցումը կիսապաշտպանի դիրքում և հրաշալի արդյունավետությունը բավական էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 30 միլիոն ֆունտ վճարեր խաղացողի համար, որին մեկ տարի էր մնացել  մինչև պայմանագրի ավարտը: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ պահին թվում էր, թե տեղափոխությունը շատ տարօրինակ էր. նույնիսկ տեսականորեն Մխիթարյանը թույլ էր Մոուրինիոյի ֆուտբոլի համար:

Առաջին հերթին՝ Տուխելի «Դորտմունդը» և Մոուրինիոյի «Մանչեսթեր Յունայթեդը» չափազանց տարբեր թիմեր էին:  «Դորտմունդը»  հաճախ տիրում էր գնդակին խաղի մեծ մասի ընթացքում (2015/16 մրցաշրջանում 61%), մինչդեռ Մոուրինիոյի թիմը սիրում էր հանձնել գնդակը (Հենրիխի համար  առաջին՝ 2016/17 մրցաշրջանում՝ ընդամենը 55%):  Ի թիվս այլ բաների, Մխիթարյանը զգալիորեն կրճատեց հպումների քանակը և, հետևաբար, նաև ներգրավվածությունը: Տուխելի Միկին հարձակման հիմնական խաղացողն էր, և բոլոր գրոհներն անցնում էին նրա միջոցով, այդ մանչեսթերյան ակումբում դա պարզապես այդպես չէր:

Ինչպե՞ս է նվազել Մխիթարյանի ներգրավվածությունը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո`ավելի քան երկու անգամ: Սա, իր հերթին՝ հանգեցրեց նրա օգտակարության անկմանը: Պրեմիեր լիգայում երեք տարի շարունակ Մխիթարյանը կատարել է ընդամենը 14 գոլային փոխանցում: Հրեշավոր թվեր, քանի որ «Բորուսիայում» վերջին մրցաշրջանում նա կատարել էր 15 փոխանցում:

«Մանչեսթեր Յունայթեդում» նման խաղը այնպիսի ուժեղ ազդեցություն ունեցավ հայ ֆուտբոլիստի վրա, որ Լոնդոն տեղափոխվելը ոչինչ չփոխեց: Նույնիսկ  «Արսենալում» Հենրիխը այնպես ներգրավված չէր հարձակվողական գործողություններում, ինչպես դորմունդյան թիմում:

Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդում» նրա դերը շատ  փոխվեց: Եթե ​​Մխիթարյանը ավելի մոտ էր խաղում հարձակմանը Դորտմունդում և հավաքականի կազմում, ապա մանչեսթերյան ակումբում նա մասնակցում էր հարձակման սկզբնական փուլին: Ինքը՝ Հենրիխը, ասում է, որ դա է պատճառը, որ նա սկսեց ավելի վատ խաղալ. «Ազգային հավաքականում ես ուղղակիորեն խաղում եմ հարձակվողի հետևում, այնպես որ, ես ավելի շատ ազատություն ունեմ տեղափոխվելու այնտեղ, որտեղ ուզում եմ: Խորանալ, գտնել գնդակը և հարձակման վերջնական փուլում լինել տուգանային հրապարակում:  «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում» ամեն ինչ այդպես չէր: Ինձ խնդրեցին ավելի շատ մասնակցել գրոհներին ամենասկզբից, և հենց այդ պատճառով ես սկսեցի ավելի քիչ գոլ խփել»:

Թե՛ Միրչա Լուչեսկուն «Շախտյորում», և թե՛ Կլոպը «Բորուսիայում» փորձեցին Մխիթարյանին ավելի հետ խաղացնել, բայց արդյունքում՝ երկուսն էլ հրաժարվեցին այս մտքից, քանի որ, չնայած Մխիթարյանը լավ տեսնում է դաշտը, նա ավելի օգտակար է առջևի գծում:

Վերջին մրցաշրջաններից յուրաքանչյուրում տուգանային հրապարակի ներսում գործողությունների քանակը ցույց է տալիս, որ նա սկսեց խաղալ շատ ավելի ցածր արդյունավետությամբ, քան պետք էր:

Հազվագյուտ պահերին, երբ նրան թույլ էին տալիս ավելի բարձր դիրքում խաղալ, Մխիթարյանը լավ հատվածներ էր իրացնում: Օրինակ՝ նա սկսեց 2017/18 մրցաշրջանը 3 գոլով և 5 գոլային փոխանցմամբ (Պոլ Պոգբան նրան անվանեց «մարդ-ասիստ»): Հենրիխը շատ արդյունավետ սկսեց, իսկ մնացած չորս ամիսներին նա «Յունայթեդում» ոչ մի գոլ չխփեց: Պատճառը Պոգբայի վնասվածքն էր: Մոուրինիոն Պոգբայի բացակայությամբ Մխիթարյանին խաղացնում էր ավելի խորը կիսապաշտպանությունում: Հենրիխը հարձակման գծին անգամ մոտ չէր գտնվում:

Լավ, պարզ դարձավ, որ գոլային փոխանցումներ չանելու և գոլեր չխփելու պատճառը հարձակման գծում տակտիկան էր, բայց Մխիթարյանը վստահ չէր խաղում նաև նոր դիրքում: Մխիթարյանը ակնհայտ խնդիրներ ուներ Մոուրինիոյի մարտավարության հետ, ով շատ էր խաղում պրեսինգներով:

«Բորուսիան» ճնշում էր բարձր և ուժեղ, իսկ Մոուրինիոն նախընտրում էր ցածր պաշտպանական և ավելի քիչ ակտիվ ճնշում: Գնդակի խաղարկման ժամանակ միջին դիրքը Մխիթարյանին հնարավորություն չտվեց անել այն, ինչ նա լավագույն կերպով անում էր Դորտմունդում՝ արագ և ուղղահայաց շարժվել՝ գնդակը փոխանցելով տուգանային հրապարակ:

2017 թվականի վերջին Spielverlagerung վերլուծական կայքը Մխիթարյանին բնութագրեց՝ որպես աշխարհի լավագույն խաղացողներից մեկը` պրեսինգը հասկանալու առումով. «Մխիթարյանին հաջողվում է օգնել թիմին խաղալ առանց գնդակի և ճիշտ շարժվել դաշտում: Նա շատ լավ հասկանում է խաղը, հետևաբար՝ գնդակի փոխանցումներում նա ճիշտ դիրքում է՝ մրցակցից առաջ: Նա պարզապես վերահսկում է հակառակորդի փոխանցման հնարավոր ուղղությունները` իր գտնվելու վայրով: Նույնիսկ «Բորուսիայի»՝ Մխիթարյանի համար ամենավատ մրցաշրջանում (Բունդեսլիգա 2014/15. Գերմանիայում Յուրգեն Կլոպի վերջին մրցաշրջանը) թիմը չէր կարողանում լավ հանդիպումներ անցկացնել առանց նրա: Դաշտում Միկիի միավորների միջին քանակը 1.46 էր, իսկ առանց նրա՝ ընդամենը 0.85»:

«Մանչեսթեր Յունայթեդում» այս ամենը այլևս պետք չէր: Այլ կերպ ասած, Մխիթարյանը այն թիմից, որը խաղում էր հարձակողական ֆուտբոլ, և որտեղ Հենրիխն առանցքային դեր ուներ, տեղափոխվեց պաշտպանական թիմ, որտեղ Մխիթարյանը նշանակվեց որպես հարձակման 3-4-րդ խաղացող: Երբ թիմը տիրում էր գնդակին, Հենրիխն այն ստանում էր ավելի քիչ, քան նախկինում, իսկ պաշտպանությունում նա ստիպված էր ավելի ցածր դիրք գրավել, քան կարող էր:

Մոուրինիոյի հետ երկարատև կոնֆլիկտը վատացրեց իրավիճակը. 2017 թվականի վերջին պորտուգալացի մասնագետն ու հայ ֆուտբոլիստը վերջնականապես վիճեցին: Բրիտանական մամուլը գրում էր, որ Մոուրինիոն դժգոհ էր այն բանից, թե ինչպես Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ «Բրայթոնի» դեմ խաղում: Մոուրինիոն դժգոհ է եղել հայ ֆուտբոլիստի խաղից և արտահայտել է իր դժգոհությունը հանդերձարանում՝ բոլորի ներկայությամբ: Դրանից հետո Մխիթարյանն ու Մոուրինիոն շարունակել են բուռն քննարկումները մանչեսթերյան ակումբի բազայում: Իսկ արդյունքում՝ Մխիթարյանը չէր խաղում: Մխիթարյանի կարիերայի ավարտը «Յունայթեդում» ընդամենը ժամանակի հարց էր:

Այս պահին պետք է մտածել, թե ընդհանրապես ինչո՞ւ Հենրիխը որոշեց մեկնել Անգլիա: Սա նրա գործակալի ձեռքի գործն էր:  Մինո Ռայոլան արդեն վաճառել էր Զլատան Իբրահիմովիչին և Պոլ Պոգբային «Մանչեսթեր Յունայթեդին», և այժմ նա փորձում էր համարձակ պայմանագիր առաջարկել մեկ այլ հաճախորդի: Ինչպես ցույց տվեց ժամանակը, չնայած այն հանգամանքին, որ Մխիթարյանը սկսեց շատ ավելին վաստակել, քան «Բորուսիայում», սա հայ ֆուտբոլիստի համար կարիերայի ամենավատ ընտրությունն էր:

Մեկուկես մրցաշրջանից հետո «Մանչեսթեր Յունայթեդում»  անցկացվող փորձի ձախողումը բավականին ակնհայտ դարձավ, և Հենրիխը փոխանակվեց «Արսենալի»  ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսի հետ: Մեկուկես տարի անց երկուսն էլ վարձակալությամբ տեղափոխվեցին Սերիա Ա:

Ինչո՞ւ չհաջողվեց հարմարվել «Արսենալում»

«Ես տեղափոխվում եմ «Արսենալ» հարձակողական ոճի պատճառով: Ավելին, կարևոր է, որ մարզիչը հարգի ինձ, ես գիտեմ, որ նա պահանջկոտ է, բայց սա Վենգերն է: Նա իմ տեղափոխման պատճառներից մեկն է»,- ասել է Մխիթարյանը 2018 թվականի հունվարին: Հենրիխը կրկին շատ ակտիվ սկսեց, բայց հետո սկսեց դանդաղել, երբ Վենգերի նույն հարձակողական ոճը սկսեց մարել: Իսկ մրցաշրջանի ավարտին Վենգերը նույնպես հեռացավ՝ իր հետ տանելով այն  ոճը, որի պատճառով Հենրիխն ընտրեց «Արսենալը»: Մխիթարյանը կրկին չկարողացավ հարմարվել:

Ամենավատն այն է, որ Մխիթարյանը սկսել էր հանձնվել: Եթե մանչեսթերյան ակումբում խնդիրները կապված էին ոճի հետ, ապա այս դեպքում Հենրիխը կարծես չէր էլ փորձում հարմարվել: Կոլին Թրեյնորը, ով ուսումնասիրություն է կատարել կիսապաշպանների անկումների մասին, գրում է, որ նման պահվածք զգացվում է հատկապես 26-28 տարեկանում:

Բացի այդ, Մխիթարյանը իսկապես անհրաժեշտ չէր Էմերիի թիմին: «Արսենալը» շեշտը դրեց եզրերի վրա, ուստի ակումբին պետք էր այնպիսի խաղացող, որը լավ և հաջողակ կլիներ դրիբլինգում: Հաշվի առնելով, որ դրիբլինգի քանակն ու որակը սովորաբար նվազում է տարիքի հետ, Մխիթարյանը թույլ էր այս դերում: Լոնդոնյան ակումբում խաղը իսկապես ցույց տվեց, որ Մխիթարյանը պատրաստ չէր նման ինտենսիվությանը:

Պրեմիեր լիգայում անցկացրած երեք տարիները օգնեցին բոլորին հասկանալ, որ Միկին հիանալի խաղացող է, բայց նա պետք է լինի աշխատանքային համակարգի մաս: Եթե «Դորտմունդում» Մխիթարյանը հստակ համակարգի մաս էր և ստանում էր նաև անձնական ազատություն, լոնդոնյան ակումբում նրա խաղը չէր ստացվում, երբ լավ չէր խաղում ամբողջ թիմը:

Ամեն ինչ պարզ է. նրա փլեյմեյքերի հմտությունները բացահայտվում են միայն այնպիսի համակարգում, որտեղ խաղացողները հստակ գիտեն, թե որտեղ և ինչպես են խաղում՝ գնդակով և առանց գնդակի: Այն թիմերում, որտեղ հարձակողական խաղը կաղում է, նրա ստեղծագործական խաղը խանգարում է թիմին, ինչպես դա տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում»:

Արդյունքում՝ Մխիթարյանը կորցրեց խաղը, առաջին հերթին, հոգեբանորեն:

«Վերջին ամիսներին «Արսենալում» ես կորցրի ֆուտբոլի հանդեպ սերը: Ես պետք է վայելեմ խաղը, բայց այլևս չէի կարողանա դա անել»,- ասել է Մխիթարյանը «Ռոմա» տեղափոխվելուց հետո: Այժմ նա նոր մարտահրավեր ունի Սերիա Ա-ում, և գոնե այն խնդիրների մի մասը, որոնք Պրեմիեր լիգայում էին, չեն կրկնվի Իտալիայում:

Ինչո՞ւ պետք է ստացվի «Ռոմայում»

Պրեմիեր լիգայում անհաջող մրցաշրջանները չեն ազդել Մխիթարյանի ֆուտբոլային ինտելեկտի  վրա: Նա շարունակում է մնալ աշխարհի ամենախելացի խաղացողներից մեկը: Նրա բախտը պարզապես չբերեց, և նա իր կարիերայի ամենակարևոր փուլում հայտնվեց իր համար սխալ ակումբներում:

Լուչեսկուն դա նշել էր նույնիսկ «Շախտյորում». «Նրա ֆուտբոլային ինտելեկտը, առաջին հերթին՝ խաղը կարդալու ունակությունը, նրա ուժեղագույն որակն է` արագության, ուժի և տեխնիկայի հետ միասին: Նա մեկն է այն խաղացողներից, ով հասկանում է, թե ինչ է ուզում մարզիչը նրանից»: Ահա թե ինչու մի քանի պատճառ կա հավատալու, որ Իտալիայում նա հաջողության կհասնի:

Նախ և առաջ, նույնիսկ իր համար վատ մրցաշրջաններում, նա գիտեր, թե ինչպես կարելի է գնդակն առաջ տանել և կազմակերպել վտանգավոր գրոհներ, և հիմք չկա հավատալու, որ Իտալիայի ոչ ավելի կոպիտ և ոչ ավելի արագ առաջնությունում սա կվերանա: Փոխանցումների ճշգրտությունը և գնդակը տեղափոխելու ունակությունը վիճակագրական արժեքներ են, որոնք գործնականում չեն վերանում տարիքի հետ: Իտալիայի ավելի դանդաղ առաջնությունում, հակառակորդների ավելի քիչ ճնշմամբ, Մխիթարյանը պետք է խնդիրներ չունենա ստեղծագործելու հետ: Ինքը`Հենրիխը, նշում է, որ Պրեմիեր լիգան իր համար չափազանց բարդ լիգա էր. «Անգլիայում խաղերը շատ ավելի ինտենսիվ են, քան Բունդեսլիգայում: Նույնիսկ խաղի ոճը տարբեր է: Սկզբում ինձնից մի որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի ես պարզապես ընտելանամ դրան»:

Երկրորդ՝ նա անպայման տեղ կգտնի դաշտում: Դա պարզ է դառնում առաջին խաղերից հետո:  «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պարբերաբար ռոտացիա է իրականացնում, բայց արդեն իսկ հասկացվում է, որ Մխիթարյանը կարևոր և առանցքային ֆուտբոլիստ է այս թիմի համար: Ֆոնսեկան կարող է նրան օգտագործել եզրում (մրցակիցը՝Ունդեր), կամ՝ որպես տասնյակ 4-2-3-1 մարտավարությամբ (մրցակիցը՝ Զանոլա): Հաշվի առնելով երիտասարդ իտալացու արդյունավետությունը (արդյունավետ գործողություններ յուրաքանչյուր 300 րոպեի ընթացքում Սերիայում և Չեմպիոնների լիգայում), Հենրիխը հնարավորություն ունի խաղալ հարձակվողի հետևում: Դա արդյունավետ է, որպես ապացույց՝ Մխիթարյանի գոլային փոխանցումները:

Ժամանակին Յուրգեն Կլոպը Մխիթարյանին օգտագործում էր հենց այս կերպ: Գերմանացին հավատում էր, որ Միկին այստեղ ամենից օգտակարն է: Գերմանիայում անցկացրած առաջին մրցաշրջանում 9+10 արդյունքը ցույց տվեց, որ Կլոպը չէր սխալվում: Հենրիխը նման դիրքում է խաղում նաև ազգային հավաքականում:

Երրորդ, իտալական ֆուտբոլում ինտենսիվությունը զգալիորեն ցածր է, քան Անգլիայում: Սա նշանակում է, որ վերականգնման խնդիրը, որի մասին խոսել է Մոուրինիոն, այնքան էլ սուր չի լինի: Ի թիվս այլ բաների, առանց Չեմպիոնների լիգայի, «Ռոմայի»  գրաֆիկը շատ ավելի հեշտ է, քան այն, որին Մխիթարյանը պետք է սովորած լիներ «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում»:

Լրացուցիչ առավելությունը Ֆոնսեկայի փիլիսոփայությունն է: Պորտուգալական «Բրագայի» գլխավոր մարզիչ Աբել Ֆերեյրան Ֆոնսեկային համեմատում է Մաուրիսիո Սարիի հետ. «Իտալացի մարզիչները սովորաբար սպասում են մրցակցի սխալին, բայց ոչ Ֆոնսեկան: Նա միշտ փորձում է վերահսկել խաղը՝ գնդակի տիրապետման միջոցով, և նրա փիլիսոփայությունը նման է Սարիի փիլիսոփայությանը: Նրա թիմերը միշտ փորձում են հարձակվել և բարձր ճնշում գործադրել հակառակորդի վրա»:

Սա շատ ձեռնտու է Մխիթարյանի համար, քանի որ իր կարիերայի ընթացքում նա կարողացավ փայլել այն թիմերում, որտեղ  խաղում էին հարձակողական ֆուտբոլ: 30 տարեկանում ոչ ոք չի ակնկալում, որ Հենրիխը կվերադառնա այն մակարդակին, որը նա ուներ Տուխելի «Բորուսիայում», բայց կարող եք հուսալ, որ այս տրանսֆերը ձախողված չի լինի:

Առաջին խաղերը, հարվածները, գոլն ու գոլային փոխանցումները Մխիթարյանի երկրպագուներին թույլ են տալիս հավատալ, որ սա կարիերայի վերագործարկում է հայ ֆուտբոլիստի համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս