Շվեյցարիայում ստեղծել են փափուկ կուտակիչ, որը կարելի է ճկել, ձգել և ոլորել
Շվեյցարացի գիտնականներն ստեղծել են փափուկ կուտակչային մարտկոց, որը կարելի է ճկել, ձգել եւ ոլորել: Այն նախատեսված է ճկուն էլեկտրոնային սարքերի համար: Այդ մասին հայտնել է Ցյուրիխի Դաշնային տեխնիկական համասարանի մամուլի ծառայությունը:
Գյուտի նկարագրությունը հրապարակել է Advanced Materials գիտական հանդեսը: էլեկտրոնային սարքերի արդի արտադրողներն ակտիվորեն մշակում են գաջեթներ, որոնք կարելի է ծալել եւ նույնիկ գլանաձեւ ոլորել: Բացի դրանից, «խելացի» հագուստի մեջ օգտագործվում են միկրոսարքեր, որոնք հետեւում են մարդու առողջական վիճակին:
Այդ բոլոր սարքերին աշխատելու համար անհրաժեշտ է էներգիայի աղբյուր: Սովորաբար դա լիթիումա-իոնային կուտակիչն է: Բայց այդ տեսակի մարտկոցը հաճախ կոշտ եւ ծանր է լինում եւ վատ է համապատասխանում ճկուն էլեկտրոնային հարմարանքներին եւ տեքստիլ հագուստին: ETH Zurich-ի նյութագիտության պրոֆեսոր Մարկուս Նիդերբերգերը եւ նրա ղեկավարած գիտնականների խումբը գտել են այդ խնդրի լուծումը:
Նրանց ստեղծած ճկուն կուտակչի նախատիպի հաստությունը զուգադրելի է ֆոտոժապավենի հաստության հետ: Այն կարելի ճկել, ձգել եւ ոլորել՝ չդադարեցնելով էլեկտրաէներգիայի մատուցումը: Մարտկոցը բաղկացած է մի քանի շերտից՝ բուտերբրոդի ձեւով, իսկ դրա կարեւորագույն բաղադրիչն էլեկտրոլիտն է: Ճկուն կուտակչի կիրառման ոլորտների թվում գիտնականները նշում են, բացի հագուստից, ճկվող էկրաններով համակարգիչներն ու պլանշետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: