«Արարատի մարզպետն իր պաշտոնը ստանձնելուց հետո սկսեց անօրինական գործընթացներ». Դիանա Գրիգորյան

«Արարատի մարզպետն իր պաշտոնը ստանձնելուց հետո սկսեց անօրինական գործընթացներ՝ մարզի լավագույն կադրերին սկսեց հանիրավի աշխատանքից ազատել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Դիանա Գրիգորյանը:

Փաստաբանի խոսքով՝ իր վստահորդին՝ Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Սոկրատ Հախվերդյանին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանիրավի ազատել է աշխատանքից. «Դա հիմնավորում էր նրանով, որ բժշկական կենտրոնը գտնվել է ծանր նյութական դրության մեջ այն պարագայում, երբ իմ վստահորդի ղեկավարության տարիներին բժշկական կենտրոնի ֆինանսական ծանր բեռը ոչ միայն թեթևացել էր, այլև օպտիմալացում, կառավարման համակարգի ներդրում էր իրականացվել, և այլն: Այսինքն՝ Արարատի մարզպետն ընդամենը լինելով գյուղապետ, և խոպան մեկնած լինելուց հետո միանգամից զբաղեցրեց Արարատի մարզպետի պաշտոնը, իսկ Արարատի մարզը բավականին մեծ է, և նա չի կարողանում ղեկավարել մարզը:

Մարզպետ դառնալուց հետո նա սկսեց լավ աշխատողներին աշխատանքից ազատելու գործընթացը, և նրա կողմից իրականացվող որևէ լուրջ գործընթաց չենք տեսնում: Սա մի խնդիր է, որը, ցավոք, այսօր իշխանական համակարգում կա, երբ ոչ պրոֆեսիոնալները, ոլորտից անտեղյակները զբաղեցնում են պաշտոններ և սկսում իրենց մտերիմներին տեղավորել աշխատանքի: Նույն Արարատի մարզպետին, երբ մեղադրեցին, որ իր ազգականին՝ հորաքրոջ թե մորաքրոջ հարսին, դպրոցում տեղավորել է աշխատանքի, մարդն արդարանալու համար ասում է՝ իմ ազգականը չէ՝ մորաքրոջս հարսն է: Այսինքն՝ այսպիսի մտածելակերպ ունեցող ղեկավարից որևէ այլ բան ակնկալել, քան ապօրինությունների շարունակական դրսևորումը, դժվար է»:

Դիանա Գրիգորյանը նշեց, որ իր վստահորդին աշխատանքից ազատելու ենթատեքստն այն է, որ՝ «մենք ենք իշխանության գլուխ, այսուհետ մենք ենք որոշելու՝ ովքեր գան, ղեկավար մարմիններում զբաղեցնեն պաշտոններ, հետևաբար՝ դուք մեզ համար ցանկալի թեկնածու չեք, պետք է դուրս գաք, և գա այն մարդը, որը մեզ համար ցանկալի է»:

«Կրկին տեսնում ենք նույն արատավոր երևույթը՝ մենք եկել ենք իշխանության գլուխ, հիմա դուք գնացեք, կամ նախկին իշխանության ժամանակ նշանակված կադրերը թող գնան, պետք է գան մեր իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, և բնավ էլ կարևոր չէ՝ դու պրոֆեսիոնա՞լ ես, թե՞ ոչ: Ես վստահ չէի, որ «մատ թափ տալու» գործընթացի ժամանակ դատարանները կկարողանան ճիշտ որոշում կայացնել, և, բնականաբար, հանգուցալուծումը տեղի ունեցավ այնպես, ինչպես պետք է լիներ. դատական ակտն անբարենպաստ էր իմ վստահորդի համար»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս