«Սա աբսուրդ է. նման խայտառակ թվեր երբեք չենք ունեցել». Հրաչ Բերբերյան
Կառավարության որոշմամբ՝ պետությունը կօգնի տնտեսվարողներին՝ մատչելի պայմաններով ոչխար ներկրել: Տնտեսվարողների վարկերը 10 տոկոսով կվճարի պետությունը, իսկ եթե շահառուն սեփական միջոցները ձեռք բերի, մանր եղջերավոր անասունները, պետությունը մինչև 450 հազար դրամ արժեցող մեկ գլխի համար կվճարի դրա 23 տոկոսը, այսպես Հայաստան կմտնեն 30 հազար նոր տոհմային մանր եղջերավորներ:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ սա մի խումբ մարդկանց ծրագիր է, որը, ըստ նրա՝ ոչ մի կապ չունի ոչխարաբուծության հետ:
«Մեր մասնագետների միջոցով փորձ արեցինք քննարկել ոչխարաբուծության վերաբերյալ կառավարության ծրագիրը և շատ հակասական թվերի հանդիպեցինք: 2015թ. մենք ունեցել ենք 750-760 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն, 2019թ. գլխաքանակը մոտ 130 հազարով պակասել է: Եթե արտահանման տենդենցն ենք նայում, դա էլ է պակասել. այսօր 20-25 հազարից չի անցնում: Եթե 2018թ. արտահանեցինք մոտ 150 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն, ապա հիմա՝ 20-25 հազար գլուխ: 2015թ., երբ 750 հազար գլուխ է եղել, մսի արտադրությունը եղել է 9800 տոննա, իսկ այս տարի՝ 19 հազար տոննա, և խոսքը մեր արտադրության, ոչ թե ներկրվողի մասին է: Այսինքն՝ խոսքը 900 հազար գլուխ ոչխարի մասին է: Փողոցից մի մարդ այս թվերը գրել է՝ անտեղյակ լինելով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով՝ ո՞նց կարող է ՀՀ-ն, ունենալով 600 հազար մանր եղջերավոր անասուն, 900 հազար մորթ անել, վերածել մսի:
«Սա աբսուրդ է. նման խայտառակ թվեր երբեք չենք ունեցել: Կառավարության ծրագիրը թերի է, էլի չի սուբսիդավորվում բուն արտադրողը, այլ սուբսիդավորվում է առևտրով զբաղվողը: Դա արտադրության խթանում չի, դա մի խումբ վերավաճառողների ծրագիր է, նրանք դա արել են, որ գյուղը չզարգանա: Վրաստանից ոչխարը կբերեն, կտանեն Իրան՝ կծախեն: Ինչքան կարելի է տնտեսության հաշվին ձրիակերների հարստացնել: Այս ծրագիրը մի խումբ մարդկանց համար գրվել է, փոխվարչապետ է, վարչության պետ է, կգնան, այս վարկը կվերցնեն, կդնեն-կպտտացնեն՝ ոչխարաբուծության անվան տակ»,- ասաց նա:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության նիստի ժամանակ ասել էր, որ, եթե սա ռազմավարական ծրագիր է, ապա պետք է նաև քննարկել՝ բնապահպանական տեսակետից գնահատման գործընթաց պե՞տք է անցնի, թե՞ ոչ։ «Կոնկրետ ոչխարաբուծության դեպքում այդ ռիսկը կա, որ բերում է անապատացման և դեգրադացման»,- ասել է նա։
Հրաչ Բերբերյանը նկատեց՝ չվնասելով էկոլոգիան՝ Հայաստանում հնարավոր է զբաղվել ոչխարաբուծությամբ շուրջ 1 միլիոն 200 հազար գլխի համար, որը որևէ էկոլոգիական խնդիր չի ստեղծի. «Դրան հասնելու մեխանիզմը մենք ունենք, խնդրեք՝ կօգնեք, բոլ ա փողոցներում դեմագոգիայով զբաղվելով՝ երկիր զարգացնեք, փողոցային տնտեսություն չի լինում, իսկ եթե տնտեսությունը փողոցային ես սարքում, այն երբեք չի զարգանա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում