Հավատում եմ՝ մեր ռեֆորմները երկարաժամկետ և ստրատեգիական են. Նիկոլ Փաշինյանը՝ տնտեսական հեղափոխության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն պետք է ունենա տնտեսության զարգացման և մարդկանց կյանքի վրա: Վարչապետը նման տեսակետ հայտնեց Լոս Անջելեսում գործարար համաժողովում:
« Հայաստանը հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ, կենսունակ պատմությամբ, հյուրընկալությամբ, հիանալի լանդշաֆտով: Սակայն դա բավարար չէ՝ մեր երկրի իմիջը լիակատար դարձնելու համար: Այսօր մենք փոխում ենք մեր երկիրն ու տնտեսությունը կառավարելու ձևը: Միևնույն ժամանակ մենք պետք է երաշխավորենք, որ Հայաստանի տնտեսությունը դինամիկ ու պատասխանատու է փոփոխությունների առաջ, որոնք տեղի են ունենում աշխարհում: Անցյալ տարի Հայաստանի ժողովուրդը ընտրեց փոփոխությունները, մենք ընտրեցինք ազատությունն ու ժողովրդավարությունը, ցույց տվեցինք, որ ոչինչ ուժեղ չէ, քան ժողովրդի հավատը, գործողությունները: Ինչևէ քաղաքական փոփոխությունները միայն առաջին քայլն են »,-ասաց վարչապետն ու նշեց՝ հիմա տնտեսական հեղափոխությունը մեր երկրում ընթացքի մեջ է:
Նա մանրամասնեց՝ դա նշանակում է, որ կառավարությունը ոչ է ասում կոռուպցիային, մոնոպոլիային՝ քաջալերելու ժողովրդի ստեղծարարությանն ու տաղանդին, և Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելու՝ տարածաշրջանում և աշխարհում:
« Ես հավատում եմ, որ մեր ռեֆորմները երկարաժամկետ և ստրատեգիական են: Եվ, հետևաբար, տնտեսական հեղափոխությունը պետք է ունենա երկարատև ազդեցություն՝ երկրի տնտեսության զարգացման և մարդկանց կյանքի վրա»,-ասաց վարչապետն ու կիսվեց Հայաստանում արդեն իսկ արձանագրված դրական տնտեսական ցուցանիշներով: