«Եթե ատոմակայանին տրվող վարկը չեղարկվի, ապա  հունվարից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն կլինի». Միքայել Մելքումյան

Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում կայացել է ՀՀ ԱԺ Տարածաշրջանանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձանաժողովի և ԱՊՀ երկրների եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցերով կոմիտեի համատեղ նիստը:

Նիստի ընթացքում հայկական պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Միքայել Մելքումյանի գլխավորությամբ, քննարկել է մի շարք խնդիրներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Միքայել Մելքումյանն անդրադարձավ բոլոր այն հարցերին, որոնք քննարկել են ռուս գործընկերների հետ:

«Կարևորագույն խնդիր է Հայաստանի Մեծամորի ատոմակայանի ռեսուրսի օգտագործման երկարացման հարցը, որի համար երեք տարի առաջ ՀՀ-ն վարկ և դրամաշնորհ է ստացել գործընկեր ՌԴ-ից: Մենք ունեինք տեղեկություն, որ 200 միլիոն դոլարն արդեն տրամադրվել է, իսկ 70 միլիոնի պարագայում վարկը դեռ չի տրվում «ՌոսԱտոմի» կողմից: Խնդիր կունենանք, որովհետև հունվարից այդ վարկի ծախսը ներառվելու է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, այսինքն՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն կլինի: Մենք բարձրաձայնել ենք ատոմակայանի վարկի ճակատագրի հարցը, կոմիտեն առարկություններ չուներ»,- նշեց Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա՝ այնտեղ անդրադարձել են նաև ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների վավերականության խնդրին, և մինչև տարվա վերջ ՌԴ-ում հայերի վարորդական իրավունքների հարցը պետք է լուծվի, քանի որ ԵՏՄ-ում հավասար պայմաններ պետք է լինեն:

«ԵՏՄ կոլեգիայում տեղյակ են Պետդումայում կայացած մեր քննարկումից»,- հավելեց Միքայել Մելքումյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ անդրադարձել են մեկ կարևոր խնդրի ևս՝ ՀԱՊԿ շրջանակում մեկ երկրի կողմից ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին հարձակողական նշանակության զենքի մատակարարմանը:

«Խոսքը Ռուսաստան-Ադրբեջան զենքի մատակարարման մասին է: Հարցը բարձրաձայնել ենք, որևէ բացասական արձագանք չեղավ այն մասին, որ որոշակի ձևաչափ մշակվի՝ Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ: Ռուսաստանն իր ծրագիրն է իրականացնում զենքի վաճառքի, բայց անընդունելի է կործանիչ զենքի վաճառքը»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս