Ինչու ցնցվեց կառավարությունը, և մինչև ուր կարող է այն հասնել
Երբ կառավարությունից սպասումները մեծ են, բայց չի հաջողվում դրանք արդարացնել` սովորաբար փորձում են մեղավորներ փնտրել։ Իսկ մեղավորներ միշտ էլ կարելի է գտնել, առավել ևս՝ գործող կառավարության պարագայում, որը լուրջ սպասումներ է ձևավորել ու հիմա չի կարողանում դուրս գալ դրանց տակից։
Ցանկացած պահի կարելի է վերցնել ու ամբողջությամբ ցրել այս կառավարությունը։ Դրանից ոչ մի ողբերգություն էլ չի լինի։ Դուրս եկեք փողոց և հարցրեք, թե քանիսն են գոհ կառավարության աշխատանքից։ Ինքնագոհ դեմքերով նախարարական աթոռներին բազմելը կամ ճռճռան ճառեր ասելը դեռ ոչինչ չի նշանակում։ Պետք է գործ անել և արդյունք ցույց տալ։
Իսկ դա, ինչպես նախկինում էր, կառավարության մոտ չի ստացվում։ Խոսքը վիճակագրական աճերի մասին չէ, խոսքն իրական արդյունքների մասին է։
Այդպես էլ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ձևավորած երկու կառավարություններից և ոչ մեկը հեղափոխական չդարձավ։ Վարչապետի իրականությունից կտրված հայտարարություններից բացի` կառավարության քայլերում հեղափոխական ոչինչ չկա։
Այդպես էլ հասարակությունը չտեսավ այն հեղափոխական փոփոխությունները, որոնք պիտի արվեին իշխանափոխությունից հետո։ Այսօր դժվար է գտնել որևէ ոլորտ, որտեղ առարկայական առաջընթաց կա։
Առանց լուրջ հիմնավորումների՝ ինչ-որ քայլեր արվեցին պետական կառավարման կառուցվածքում, ու հիմա դրա պատճառով այնպես են խճճվել, որ ամիսներ շարունակ չեն կարողանում թացը չորից ջոկել։ Ժամանակին, երբ ասում էին՝ չի կարելի արհեստական միացումներ ու անջատումներ անել, քաղաքական իշխանությունը երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած՝ մինչև վերջ պնդեց իր ոչնչով չհիմնավորված նախաձեռնությունը։ Ու հիմա սուպերնախարարությունների ղեկավարումը ստանձնած նախարարները դժգոհում են, որ չեն հասցնում բոլոր ոլորտներին պատշաճ ուշադրություն դարձնել։ Այլ բան չէր էլ կարող լինել։
Մինչև հիմա կառավարությունը չունի տնտեսական քաղաքականության ռազմավարություն։ Ու պարզ չէ, թե ո՞ր ուղղությամբ է գնալու երկրի տնտեսությունը։
Խոստացած տնտեսական բարեփոխումներն այդպես էլ տեղ չեն հասնում։ Մի հարկային օրենսգիրք մինչև վերանայվեց` ամիսներ տևեց։ Չհաշված որ, մինչև վերջին հասնելը` դրանից շատ քիչ բան մնաց։ Ու այդքանից հետո այն դեռևս լիարժեք չի գործում։ Գործելու է հաջորդ տարվանից կամ իշխանափոխությունից գրեթե երկու տարի հետո։ Այդ տեմպով գնալու դեպքում, պարզ չէ՞, որ արդյունքներն էլ այսպիսին պիտի լինեն։
Կառավարությունն այդպես էլ չի կարողանում բեկում մտցնել տնտեսության մեջ ու հասարակության սոցիալական կյանքում։ Դրա համար այլևս անիմաստ է մեղավորներ փնտրել նախկինների շրջանում։ Տարիուկես է, ինչ նախկիները չկան։ Ու կառավարությունը բոլոր հնարավորություններն ուներ այդ ընթացքում իր խոստացած հեղափոխական քայլերով առաջ գնալ։ Բայց չկան ոչ միայն այդ հեղափոխական քայլերը, այլև կառավարությունը երբեմն ի վիճակի չի լինում որոշումներ ընդունել անգամ ակնհայտ թվացող հարցերում։ Պատահական չէ, որ ժամանակն անցնում է, իսկ արդյունքները տեսանելի չեն։
Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հարյուրներով փաստեր հրապարակի իր ասուլիսներում, դրանից իրավիճակը չի կարող փոխվել։ Մարդիկ պետք է զգան դրանց ազդեցությունն իրենց սեփական մաշկի վրա։ Եթե այդպես չեղավ, հարյուրավոր չէ, հազարավոր փաստեր բեր, դա ոչ մեկին էլ հետաքրքիր չէ։
Այստեղ է, որ տնտեսության ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հեղափոխական փոփոխություններ խոստացած կառավարության աշխատանքի արդյունքները չեն երևում, կամ դրանք այնքան քիչ են, որ նույնիսկ դժվար է նկատել։ Երբեմն վարչապետը կամ կառավարության անդամները հպարտանում են, որ իրենց հաջողվել է բանակի սպայական կազմի, ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել։ Այդպես էլ կա, ու շատ լավ է` անկախ նրանից, թե քանի տոկոսով են բարձրացել աշխատավարձերը։
Բայց մի՞թե դա էր հեղափոխական փոփոխությունը, և միայն այդ ոլորտներում էր առկա նման անհրաժեշտություն։ Կառավարությունն այդպես էլ ռիսկ չարեց տարվա սկզբից գնալ աշխատավարձերի թեկուզ և նման մասնակի բարձրացումների։ Մինչդեռ մինչև իշխանափոխություն բոլորովին այլ պլաններ կային. նախատեսվում էր աշխատավարձերի համընդհանուր բարձրացում։ Իշխանափոխությունից հետո այդ ծրագիրն ի չիք դարձավ։
Նույն պատկերն է նաև կենսաթոշակների դեպքում։ Հեղափոխական կառավարությունը գործունեության այս մեկուկես տարում հասցրել է լիովին հիասթափեցրել կենսաթոշակառուներին։
Իշխանափոխության միայն երրորդ տարվանից է նախատեսվում ավելացնել կեսաթոշակները, այն էլ՝ ընդամենը 10 տոկոսով։ Մինչդեռ չպետք է մոռանալ, որ նախկին կառավարությունը պատրաստվում էր դա անել 2019թ. սկզբից։ Իշխանափոխությունն ընդհատեց կամ առնվազն մեկ տարով հետ գցեց այդ ծրագիրը։ Ու այդքանից հետո կառավարությունը խոստանում է կենսաթոշակների 10 տոկոս բարձրացում, ինչը, բնականաբար, չի կարող գոհացնել առանց այդ էլ սոցիալական ոչ այնքան բարվոք պայմաններում գտնվող այդ խոցելի խմբին։
Հասարակությունն այդպես էլ չտեսավ այս կառավարության խոստացած հեղափոխական փոփոխությունները։ Այնպես, ինչպես նախկինում էր, միայն վիճակագրական աճեր են, որոնց ավելացել են նաև վարչապետի ֆեյսբուքյան ոչինչ չտվող գրառումներն ու լայվերը։ Մարդկանց եկամուտները շարունակում են նույնքան ցածր լինել, ինչպես եղել են։
Իշխանափոխությունից հետո Հայաստանում ձևավորված կառավարության գործունեության արդյունքները ոչ միայն հեղափոխական չեն, այլև շատ ու շատ հեռու են այդպիսին լինելուց։
Կառավարությանն այդպես էլ չի հաջողվում լուծել տնտեսության ամենացավոտ խնդիրներից մեկը` ներդրումների հարցը։ Դրանք շարունակում են անհասնելի լինել։ Մինչդեռ, առանց ուղղակի կապիտալի հոսքերի՝ դժվար է պատկերացնել՝ ինչպես տնտեսության զարգացումն ու առաջընթացը, այնպես էլ՝ հասարակության սոցիալական խնդիրների լուծումը։
Անցած մեկուկես տարին ցույց տվեց, որ այս կառավարությունը պատրաստ չէր ստանձնել պատասխանատվության բեռը և հեղափոխական քայլերով առաջ գնալ։ Այն, ինչ նա անում էր երեկ և այսօր` թույլ չի տալիս առաջիկա տարիներին լուրջ փոփոխությունների հույսեր փայփայել։
Բայց մի՞թե դրան էր սպասում հասարակությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ