Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 20-ին հյուրընկալել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, և երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Նախագահն ընդգծել է, որ քաջալերում է փոխգործակցության խորացումը ոչ միայն պաշտպանական և ռազմական, այլև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի:

Նախարար Էլիաս Բու Սաաբը համակարծիք է եղել, որ երկու երկրները տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն և այնպիսի կապող կամուրջ, ինչպիսին լիբանանահայ համայնքն է: Նա նշել է, որ լիբանանահայ շատ ընկերներ ունի, և Հայաստանն ու հայկական մշակույթը հարազատ են իրեն:

Զրուցակիցներն ընդգծել են լիբանանահայ համայնքի առանձնահատուկ դերը՝ համակարծիք լինելով, որ նրա ներկայությունը ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս