Կառավարությունը Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով 9 մլն 436.8 հազար դրամ հատկացրեց
Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 9 մլն 436.8 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կա մասնագիտական եզրակացություն, որ Հայկ Սեխլիյանի բուժումը ՀՀ-ում հնարավոր չէ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս հարցը քննարկել են բավականին երկար ու մանրամասն:
«Եկել ենք եզրահանգման, որ այն դեպքերում, երբ պատշաճ բուժումը հնարավոր է իրականացնել ՀՀ-ում, մենք նման լուծումների չենք գնա՝ ուղղակի ֆորմալ արտասահման ուղարկելու տրամաբանությամբ, իսկ այն դեպքերում, երբ կա հստակ մասնագիտորեն հիմնավորված անհրաժեշտություն, իհարկե, այդ դեպքերը առանձին-առանձին կքննարկենք և կկայացնենք որոշում»,- ասաց Ն.Փաշինյանը: