Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը. «Փաստինֆո»

Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել։ Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ի թղթակիցը՝ դատարանից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հուլիսի 16-ին Գ.Ջհանգիրյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել շուրջ 10 տարի առաջ կայացված դատական ակտի դեմ, որով ինքը մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, ըստ դատավճռի՝ Ջհանգիրյանը 2008թ.-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել էր վարչության աշխատակցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, նաև պատռել մեկ այլ աշխատակցի համազգեստը:

Սա այս գործով երկրորդ վճռաբեկ բողոքն է, որը ներկայացվել էր Ջհանգիրյանի կողմից։ Առաջին անգամ այն վերին դատական ատյան բողոքարկվել էր նույն 2009 թվականին, սակայն այն ժամանակ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չէր ընդունել ու վերադարձրել էր։

10 տարի անց ներկայացված բողոքը նախ մակագրվել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին, որը սակայն ինքնաբացարկ է հայտնել եւ գործով զեկուցող է նշանակվել դատավոր Արթուր Պողոսյանը։

Գագիկ Ջհանգիրյանը վճռաբեկ դատարանից պահանջեց բեկանել 11 տարի առաջ կայացրած դատական ակտը եւ արդարացնել իրեն։ Դատախազը՝ Պետրոս Պետրոսյանը չառարկեց։ Վերջինիս խոսքերով՝ վճռաբեկ բողոքը բերվել է այն հիմքով, որ նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը՝ խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը։

«Անկյունաքարային համարելով բերված վճռաբեկ բողոքի դատավարական իրավունքի խախտումների վերաբերյալ դիրքորոշումները՝ գտնում եմ, որ այս գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ»,- նշեց դատախազը։ Մասնավորապես, ըստ նրա, խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 17-րդ հոդվածով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը։ Դատախազը նշեց, որ եղել են պատշաճ չհետազոտված, չստուգված ապացույցներ, որոնցով հիմնավոր կերպով չեն հերքվել առաջադրված մեղադրանքներում նկարագրված հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմից առաջ քաշված հակառակ դիրքորոշումը ողջամիտ կամայականությունը հերքելու հանգամանքներում։ Բացի այդ՝ դատաքննության ընթացքում դատարանը անհիմն կերպով մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս