Անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների համար բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. կառավարությունը կայացրել էր մեկ անձից գնում կատարելու մասին որոշում

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ: Այս մասին այսօր կառավարությունում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Աշխատակազմը բախվել է բազմաթիվ խնդիրների»,- ասաց նա՝ նշելով, որ կառավարությունը կայացրել էր մեկ անձից գնում կատարելու մասին որոշում:

Ըստ նրա՝ եթե մրցութային լիներ, կկորցնեին վերահսկողությունը, խնդիր կառաջանար սարքավորումների չափանիշների, անձնակազմի փորձի հետ կապված, չի բացառվում, որ մրցույթի արդյունքների բողոքարկում լիներ և գործընթացը ձգձգվեր:

Աղաջանյանը նշեց, որ այս մի քանի ամիսների ընթացքում աշխատանքային խումբը վարել է բանակցություններ, ընտրվել են 75 փոքր ու միջին տնտեսավարողներ, հարկավոր էր իրականացնել ընկերությունների սելեկցիա, հրավիրվել են նաև արտասահմանյան արտիստներ, ուսումնասիրվել է Վրաստանի փորձը:

«Նախկինում հաճախ պետբյուջեից, որոշ դեպքերում ավելի շատ գումար է տրամադրվել, բայց նման ծավալի միջոցառում մինչ օրս չի կազմակերպվել»,- ասաց Է.Աղաջանյանը՝ օրինակ բերելով, որ 2018-ին Սարդարապատի միջոցառման համար նախատեսված միջոցներից միայն Հրապարակում գալա համերգի համար ծախսվել էր 425 մլն դրամ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ համայնքային բյուջեից որևէ լումա չի ծախսել:

Տեսանյութեր

Լրահոս