«Այսուհետ ամեն սեպտեմբերի 21-ին լինելու է վարչապետի մրցանակաբաշխություն»

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ին Գյումրու կենտրոնական զբոսայգում, ժամը 11:00-ից: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Լյուսի Դայանը ներկայացրեցին միջոցառումների ծրագիրը:

Ըստ Է.Աղաջանյանի՝ կներկայացվեն ՀՀ մարզերի կոլորիտը, Վարդանանց հրապարակը վերածվելու է մանկական ավանի, տարբեր վայրերում տարբեր ժանրերի սիրահարները կվայելեն երաժշտություն և հայտնի արտիստների կատարումները, կլինի ՀՀ անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես, նաև նախատեսված է օդապարիկների փաառտոն, օդաչուները ժամանել են Վրաստանից, Ռուսաստանից, Բրազիլիայից և այլն, երեկոյան միջոցառումները կեզրափակվեն գալա համերգով:

Աղաջանյանի խոսքով՝ այս տարի առաջին անգամ կանցկացվի մրցանակաբաշխություն՝ նվիրված աշխատավոր քաղաքացիներին.

«Այս միջոցառմամբ պետությունը ցույց է տալիս, որ մեծարում է քաղաքացուն»:

Միջոցառումներ կլինեն նաև Երևանում:

Հ.Մովսիսյանը նշեց, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում կա օրվա միջոցառումների մասին էջ, նաև տեղեկություն կացարանների և այլնի մասին:

Նա հայտարարեց, որ այսուհետ ամեն սեպտեմբերի 21-ին լինելու է վարչապետի մրցանակաբաշխություն՝ մեր ժամանակի հերոսների մասին. «Չհուսահատվող, կատարելագործվող քաղաքացին է լինելու հերոսը»:

Մովսիսյանի խոսքով՝ արդեն 45 հերոսների մասին տեսահոլովակներ են պատրաստվել, հաղթողներին կընտրի ժյուրին, լինելու է 12 մրցանակ, գլխավոր մրցանակը կշնորհի վարչապետը:

Մրցանակի հեղինակներն են «Անտարեսի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը և նկարիչ Ռուբեն Մալայանը:

Ս.Բալասանյանն «աննախադեպ» որակեց ակտիվությունը և նշեց, որ սպասում են մոտ 15 հազար հյուրերի, առավոտյան 4 գնացք է ժամանելու Գյումրի, հյուրանոցներում արդեն տեղ չկա, բնակիչներն անհատական տներ են տրամադրում, որոնց մասին կարելի է տեղեկանալ Գյումրու պաշտոնական կայքում:

Նա նշեց, որ կենտրոնական փողոցները փակվելու են. «Շատ մեծ հետաքրքրություն կա, և Գյումրին կլինի իրոք որպես մշակութային մայրաքաղաք: Շատ մեծ հարց է լուծվելու Հայաստանում, եթե կարողանանք ներքին տուրիզմը զարգացնել: Մենք նաև սպասում ենք Հյուսիս-Հարավ մայրուղուն»:

Գյումրու քաղաքապետը շնորհակալություն հայտնեց կառավարության աշխատակազմին:

«Ասում են՝ կուգա՞ս Գյումրի: Եկեք, տեսեք, ձեզ համար շատ սիրելի քաղաք կդառնա»,- եզրափակեց Բալասանյանը:

Տեսանյութեր

Լրահոս