«Չի կարող ԱԺ նման որոշում կայացնելը դիտվել՝ որպես ճնշում դատական իշխանության վրա». «Իմ քայլի» պատգամավոր

«Ցանկացած անձ, ով էս քայլին տալիս է որևէ որակում՝ չտեսնելով այն հիմքերը, որով «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնելու է որոշման նախագիծ՝ դիմելու ՍԴ, դա ժամանակավրեպ, ուստի և՝ ոչ վստահելի դիրքորոշում է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին:

Ըստ նրա՝ հիմքերը մանրամասն կլինեն նախագծում։

Գրիգորյանը բացառեց, որ այդ նախագիծը կարող է դիտվել՝ որպես ճնշում ՍԴ-ի վրա. «Ինքնին չի կարող ԱԺ նման որոշման նախագիծը կամ նման որոշում կայացնելը դիտվել՝ որպես ճնշում։ Ինչո՞ւ, որովհետև այդ լիազորությունն ԱԺ-ին տրված է Սահմանադրությամբ: Եթե անձինք պնդում են, որ Սահմանադրությամբ Ազգային ժողովին տրված լիազորությունն իրականացնելն ինքնին կարող է որակվել՝ որպես ճնշում դատական իշխանության վրա, ինձ մոտ շատ լուրջ կասկածներ են առաջանում այդ անձանց իրավաբանական գիտելիքների և իրենց կոմպետենտության վերաբերյալ»։

Խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը, իր գործընկեր Տիգրան Ուլիխանյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ, թե՝ «ԱԺ-ի դեմ խաղ չկա», նշեց, որ ԱԺ-ն կարող է իր լիազորությունների շրջանակներում շատ հարցեր լուծել, և այդ արտահայտությունը պետք է ընկալել ԱԺ բավականին մեծ լիազորությունների ամբողջական իրականացման մեջ.

«Սա ամբողջությամբ օրինական պրոցես է և ամբողջությամբ Սահմանադրության շրջանակներում է»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը խմբակցության և արտահերթ ընտրությունների վերաբերյալ՝ Պապոյանը հայտարարեց, որ խմբակցությունում կա առողջ բանավեճ, և խմբակցությունն ամբողջովին աջակցում է վարչապետին.

«Եղել են քննարկումներ, բայց այդ բանավեճերն ու քննարկումները եղել են այս տրամաբանության մեջ՝ գտնել լավագույն լուծումը՝ ինչպես անել, որպեսզի մեր երկրի տնտեսական, արտաքին քաղաքական, անվտանգային շահը լավագույնս պահպանվի»։

Նա գոհունակություն հայտնեց Ամուլսարի հարցում տարբեր կարծիքների առկայության համար, որոնք թույլ են տվել վեր հանել խնդիրները։

Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ վարչապետը չի բացառել արտահերթ ընտրությունների հնարավորությունը, որովհետև ապագայում որևէ բան բացառված չէ.

«Ես ընդհանրապես դեմ եմ այն հռետորաբանությանը, որ վարչապետը դժգոհ է, կամ գոհ է ԱԺ-ից, և խորհրդարանական երկրում այն գիծն է հետևողականորեն տարվում ու ամենաանդուրը էն ա, որ դա տարվում ա նաև լրագրողական կորպուսի կողմից, որ վարչապետը՝ ինչ-որ շեֆի կարգավիճակում, ԱԺ-ն պետք ա ամեն օր մտածի՝ ոնց անի, որ վարչապետին գոհացնի։ Նորմալ քաղաքական գործընթաց ա ընթանում, վարչապետի հետ հանդիպումները հենց նրա արտացոլանքն են, որ կա միասնական թիմ, և, այո՛, թիմի ներսում, այդ թվում՝ վարչապետի կողմից, առանձին հարցերի շուրջ կարա լինի մի կարծիք և դժգոհություն, ինչպես և առանձին պատգամավորների կողմից»։

 

Տեսանյութեր

Լրահոս