«Ինչ-որ մարդ էր մեզ քննադատել, որ ոստիկանության մանկապարտեզը սեփականաշնորհել և շենք է կառուցել՝ նախկին ոստիկանապետը». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկվանից մոնիտորինգի է ենթարկել հայկական մամուլը և ուշագրավ հրապարակումներ հայտնաբերել իրենց ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրինագծի շուրջ։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Է.Մարուքյանը նշեց, որ գրում են, թե «ով ուզի, կարող է դառնալ ԱԱԾ պետ», մինչդեռ, ըստ նախագծի, ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել պատգամավորի չափանիշերին համապատասխանող անձը։
Նա նշեց, որ ՀՀ-ում ամենակարևոր պաշտոնը գործադիրի ղեկավարի պաշտոնն է, որի համար անձը պետք է համապատասխանի պատգամավորի չափանիշերին. «Էդ ո՞նց է, որ երբեք չեք գրել՝ ով ուզի, կարող է դառնալ վարչապետ։ Ուրեմն, ակնհայտ հակաքարոզչություն կա սրա հետ կապված, ամբողջ տեղեկատվությունն աղավաղելու, նման ձևով ներկայացնելու»։
Նա կրկին պարզաբանեց, որ այն կառուցվածքը, որ իրենք առաջարկել էին՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը լինեն նախարարություններ, և ղեկավարեն նախարարները, մերժվել է, ապա բերել են միջանկյալ նախագիծ, որը որոշ վերապահումներով ընդունվել է առաջին ընթերցմամբ և պետք է անցնի երկրորդ ընթերցում։
«Սա քաղաքական է, և քաղաքական անձինք պետք է պատասխան տան նշված ոլորտների հետ կապված խնդիրների հետ կապված, ոչ թե մենք ձևեր անենք, թե ապաքաղաքական պաշտոններ են, բայց բոլորը գիտեն, որ քաղաքական են։ Եթե ապաքաղաքական են, հիմա Վլադիմիր Գասպարյանը մեր ոստիկանապետը կլիներ։ Եկեք իրար հետ ազնիվ լինենք»,- ասաց Է.Մարուքյանը՝ շեշտելով, որ ամեն ոք չի կարող դառնալ այս կառույցների ղեկավար։
Ըստ նրա՝ այս նախագիծն իրենք բերել են նաև իրենց համար, որ, երբ դառնան իշխանություն, օգտվեն դրանից։
«Ինչ-որ մարդ էր մեզ քննադատել, որ ոստիկանության մանկապարտեզը սեփականաշնորհել և շենք է կառուցել՝ նախկին ոստիկանապետը։ Ասում է՝ պրոֆեսիոնալիզմը ո՞նց կարելի ա բաց թողնել։ Ո՞րն է պրոֆեսիոնալիզմը։ Ոստիկանության մանկապարտեզը սեփականաշնորհե՞լն է պրոֆեսիոնալիզմը։ Դրա համար ամեն մարդ, որ մի բան խոսում ա, պետք է հասկանա՝ որտեղ, ում, ինչ ա ասում»,- հավելեց Մարուքյանը։