«Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկում է Իմ քայլը» խմբակցության՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց սկսելու նախաձեռնությունը։

«Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, թե ՍԴ-ի մասին օրենքում սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու համար: Նրա խոսքով՝ նախաձեռնությամբ հանդես եկողը պարտավոր է ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով ներկայացնել այդ նախաձեռնությունը:

«Թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել: Ես ավելի շատ այսպիսի կարծիքները կարող եմ գնահատել՝ որպես դատարանի նկատմամբ ճնշում: Թողնենք, թող դատարանը որոշի, որովհետև այնտեղ սպառիչ թվարկված են, թե որ դեպքերում: Եթե ՍԴ-ն կգտնի, որ Հրայր Թովմասյանը հարուցել է ՍԴ-ի մասին օրենքի զայրույթը, թող  որոշում կայացնի: Բայց մենք այն քաղաքական ուժը չենք, որ մեխանիկորեն միանանք ինչ-որ նախաձեռնության՝ առանց դրա հիմքերն ուսումնասիրելու։ Այս պահին մենք այդպիսի հիմք չենք տեսնում»,- ասաց Գ.Պետրոսյանը:

Նա նշեց, թե ՍԴ-ում չկա անկառավարելի իրավիճակ, մարմինը գործում է, թեև առանձին անձինք չեն ներկայանում նիստերի, որոշումների ընդունմանը չեն մասնակցում, բայց այլ կերպ իրենց գոյության մասին հիշեցնել են տալիս:

ԲՀԿ-ական Արման Աբովյանի խոսքով՝ քաղաքական առումով խնդիրը հեշտ լուծելի է, բայց մեխանիզմը, որն առաջարկում է «Իմ քայլը» խմբակցությունը, բավական մշուշոտ է. «Ամենակարևորը՝ բոլոր խնդիրները, որոնք այսօր գոյություն ունեն իրավական դաշտում, իրենք լուծվեն բացառապես իրավական դաշտում: Որովհետև եթե կա գայթակղություն, որ հակարծ որոշակի խնդիրների լուծումն այս կամ այն պատճառով դուրս գա իրավական շրջանակներից, դա իր մեջ պարունակում է վտանգ։ Ամենը, ինչ կատարվում է ՀՀ-ում, պետք է լինի իրավական դաշտում»:

Տեսանյութեր

Լրահոս