«Քոչարյանի գործը նյարդայնացրել է Մոսկվային, բայց արմատապես չի փոխել հայ-ռուսական հարաբերությունները». Սկակով
«168 Ժամի» զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը:
– Պարոն Սկակով, ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը վերջին այն տեղեկությունների ֆոնին, երբ Ռուսաստանը չի վերադարձնում Միքայել Հարությունյանին, Միհրան Պողոսյանին, ՌԴ նախագահը շնորհավորում է ՀՀ երկրորդ նախագահին ծննդյան կապակցությամբ հրապարակայնորեն, ՀՀ-ն է փախստականի կարգավիճակ շնորհում ռուս գործիչ Վիտալի Շիշկինին, իսկ հրապարակային անդրադարձներում հաճախակիացել են փոխադարձ խայթոցները:
– Ես այս ամենում արմատապես բացասական ոչինչ չեմ տեսնում: Դրանք, ըստ իս, ոչ այնքան կարևոր իրադարձություններ են երկկողմ հարաբերությունների կոնտեքստում: Ինչ վերաբերում է այս կամ այն գործչին հանձնել-չհանձնելու հարցին, Ռուսաստանի դիրքորոշումը նման հարցերում մեծամասամբ այնպիսին է, որ Ռուսաստանը փորձում է ընդհանրապես ոչ մեկի չհանձնել, և դա միայն Հայաստանին չէ, որ վերաբերում է:
– Հայաստանում դա ոչ գործընկերային քայլ են որակում:
– Շատ տարբեր քայլեր և որոշումներ կարելի է ոչ գործընկերային որակել: Բայց Մոսկվան ունի իր աշխատաոճը, և որպեսզի Մոսկվան որևէ գործչի վերադարձնի, հարկավոր են լուրջ պատճառներ, և, առավել ևս, Հայաստանի դեպքում Մոսկվայում կան կասկածներ, որ այս դեպքում սա քաղաքական հաշիվների մաքրում է և վրիժառություն նախկին ընդդիմախոսների նկատմամբ, առավել ևս, երբ Մոսկվայում բավականին բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Այստեղ ևս կա տրամաբանություն, քանի որ Մոսկվան, բացառությամբ Սահակաշվիլիի նման դեպքերի, սովորաբար այն դիրքորոշման մեջ է, որ այս կամ այն երկրի նախկին ղեկավարը քրեական հետապնդման չպետք է ենթարկվի: Այսինքն՝ շատ ծայրահեղ դեպքերում միայն:
Մնացած դեպքերում՝ Ղրղըզստանի, Ուկրաինայի նախկին ղեկավարների դեպքում, Ռուսաստանն այն դիրքորոշումն ունի, որ անձեռնմխելի են ղեկավարները, այսինքն՝ դատի սպառնալիք և ռեպրեսիաներ չպետք է լինեն: Ուստի Քոչարյանի հետապնդումն առաջացրեց որոշակիորեն բացասական արձագանք Մոսկվայի կողմից, քանի որ չի համապատասխանում մոսկովյան քաղաքական խոհանոցի ավանդույթներին: Ուստի այն անձինք, որոնց նշեցիք, ընկել են այդ նույն քաղաքական հոսանքի մեջ, հենց այդ պատճառով նրանց չեն վերադարձնում:
Ինչ վերաբերում է Շիշկինին, չեմ կարծում, որ դա ինչ-որ առումով կարևոր է Մոսկվայի համար, նման շիշկիններ մեզ մոտ շատ կան, դա իրենից լուրջ բան չի ներկայացնում: Ուստի ես այստեղ լուրջ խնդիրներ չեմ տեսնում:
– Այսինքն՝ չնայած այն դժգոհությանը, որն առկա է, երկրների միջև համագործակցությունն ընթանում է նորմա՞լ:
– Նորմալ աշխատանքը հարաբերական է, տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Սակայն ես չեմ տեսնում մեր հարաբերություններում լուրջ վատթարացում, ես տեսնում եմ, որ կան իրադարձություններ, որոնք դժգոհություն են առաջացնում, և դա բնական եմ համարում: Մեծ հաշվով հարաբերություններն ինչպես գործընկերային եղել են, այնպես էլ պահպանվում են:
– Այս օրերին շատ է քննարկվում հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: ՀՀ-ում ՌԴ դեսպանը հաստատել է, որ այցը կայանալու է: Սակայն մինչ այդ շատ տարբեր տեղեկություններ տարածվեցին այցի և դրա բովանդակության վերաբերյալ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Այցը, բնականաբար, կլինի, ես չեմ կարծում, որ կայցելի Քոչարյանին: Բայց նաև կասեմ, որ մի փոքր անկանխատեսելի է մեր նախագահը, և ոչ միշտ է հնարավոր կանխատեսել այն, ինչ նա կանի: Բայց չկան լուրջ հիմքեր՝ պնդելու, որ նա չի մասնակցի այդ գագաթաժողովին, այդպիսի ազդանշաններ չեն եղել: Բայց կանխատեսելիության մակարդակը բարձր չէ:
– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՌԴ նախագահն ավելի վաղ չայցելեց Հայաստան: Այցի հնարավորության մասին խոսվում էր ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից կարճ ժամանակ անց:
– Այն, որ այց չի եղել, ճիշտ է, բայց եղել են առաջին դեմքերի մակարդակով մի քանի հանդիպումներ, և այդ հանդիպումները հիմնականում նորմալ, դրական են անցել երկու կողմերի համար:
– Պարոն Սկակով, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ Ղարաբաղյան ուղղությամբ, գերտերությունների հետ հարաբերությունների, հայտարարված երեք գերակայությունների ուղղությամբ:
– Կան որոշակի նոր նրբություններ, բայց կրկին ոչ արմատական փոփոխություններ: Եղան փորձեր՝ ակտիվացնել բանակցություններն Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով, բայց օբյեկտիվ պատճառներով՝ փոխզիջումների պատրաստակամության բացակայության պայմաններում, բեկման չհանգեցրին և չէին կարող հանգեցնել:
Մնացած ուղղություններով քաղաքականությունը համապատասխանում է միտումներին և ավանդույթներին, որոնք եղել են մինչ այդ ՀՀ-ում: Կան փորձեր՝ ակտիվացնել այդ քաղաքականությունը, արագացնել, բայց մինուսն այն է, որ ոչ միշտ է նոր իշխանությունն ունենում բավարար փորձ՝ իրականացնելու համար ժամանակին և հիմնավորված քայլեր: Բայց փորձը նաև ժամանակի ընթացքում է գալիս, դա անխուսափելի է: