ՍԴ-ի և կառավարության դիմումները Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության օրակարգում չեն
Սահմանադրական դատարանը մոտ 2 ամիս առաջ դիմել էր Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։
Կարճ ժամանակ անց Վենետիկի հանձնաժողով դիմեց նաև ՀՀ կառավարությունը՝ ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ պաշտոնական կարծիք ստանալու համար։
Այժմ Երևանում են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչները, որոնք այսօր արդեն հանդեպել են Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ։
168.am-ը ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից հետաքրքրվեց՝ ո՞վ է հրավիրել Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը, և արդյո՞ք քննարկվել է նաև այս 2 դիմումների հարցը։
«Այցն իրենց նախաձեռնությամբ է։ Հայաստանում են, որպեսզի ուսումնասիրեն դատական օրենսդրության առաջ մղվող փոփոխությունները կառավարության կողմից, և, քանի որ ԲԴԽ-ն շահագրգիռ կողմ է, այս դեպքում եկել էին քննարկելու դատական համակարգում փոփոխությունները»,- ասաց Գ. Բեքմեզյանը։
Ըստ նրա՝ ՍԴ-ի և կառավարության դիմումների հարցն օրակարգում չի եղել և հանդիպման ժամանակ չի քննարկվել։