«Վճռաբեկ դատարանը և ՍԴ-ն վերացվում են, դրանց փոխարեն՝ ստեղծվում է Գերագույն դատարան». Հովիկ Աղազարյանը նախագիծ է հեղինակել
ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խոստանում է առաջիկա շաբաթ ԱԺ դատին ներկայացնել իր հեղինակած դատական համակարգի բարեփոխումների հիմնադրույթներն ու ճանապարհային քարտեզը: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ, եթե դրանք հավանության արժանանան խմբակցության կողմից, կներկայացնի օրինագիծ:
Թե ինչպե՞ս պետք է իրականացվի բարեփոխումը, Հ.Աղազարյանը նշեց կարևորագույն կետերը.
«Վճռաբեկ դատարանը և Սահմանադրական դատարանը վերացվում են, դրանց փոխարեն՝ ստեղծվում է Գերագույն դատարան: Կողմերը դատարանում կարող են ընտրել դատավորներին: Օրինակ՝ հայցվորն առաջարկում է դատավորների 5 հոգանոց ցանկ և ներկայացնում պատասխանող կողմին, որն ընտրում է որևէ մեկին, իսկ եթե համաձայն չէ ներկայացված թեկնածուների հետ, ապա ինքն է ներկայացնում հինգ հոգանոց ցանկ, եթե հայցվորն էլ չի համաձայնում դրանց, ապա առաջին հորիզոնականում գտնվող թեկնածուները համարվում են ընտրված, նրանք ընտրում են երրորդին ոչ այդ ցանկերից, և իրականացվում է դատավարությունը, որի համար կողմերը վճարում են գումար:
Հետզհետե, անցումային շրջանից հետո, դատավորների աշխատավարձերը ձևավորվում են միայն ու միայն այդ տուրքերից: Էությունն այն է, որ այն դատավորները, որ պրոֆեսիոնալ են, արդար են, կոռումպացված չեն, նրանք ավելի պահանջված լինեն և, հետևաբար, ավելի շատ վաստակեն՝ ամսվա կտրվածքով՝ մինչև 10 հազար դոլարի սահմաններում: Սրանից բխող առաջարկներ կան՝ դատավորների թեկնածությունների առաջադրման, դատական պալատի ստեղծման մասին: Ինչպես կա փաստաբանների պալատ, պետք է ստեղծվի դատական պալատ, որի նախագահությունը փոխարինելու է ԲԴԽ-ին»:
Հ. Աղազարյանը նշեց, որ սա լրիվ նոր մոտեցում է, որովհետև նմանատիպ բան աշխարհում կա իրավարար դատարանների մակարդակով.
«Մենք առաջարկում ենք, որ ոչ միայն այդ հարցերի, այլև քաղաքացիական, քրեական ու մյուս հարցերի հետ կապված՝ լինի քաղաքացիների կողմից դատավորների ընտրություն, քանի որ, երբ հետադարձ կապ է ապահովվում հասարակության հետ, մեխանիկորեն անընդհատ աշխատում է ֆիլտրացիայի սկզբունքը, որ դատավորն արդեն պետք է իր կարգավիճակի համար դողա՝ որպես պրոֆեսիոնալ և որպես իր նյութական բարեկեցությունը լավացնելու ճանապարհ»: