Քաղաքական օրակարգ՝ «բանկրոտ»՝ պառլամենտից դուրս

Համաձայնեք, որ ՀՀ քաղաքական կյանքն իրոք բացառիկ է, իսկ քաղաքական գործունեությամբ զբաղվող, իսկ որոշ դեպքերում՝ նաև քաղաքական հավակնություններ դրսևորող ուժերի և անհատների գործելակերպն ու հավակնությունները՝ ապշեցուցիչ, ինչ-որ տեղ նաև՝ ինտրիգային։

Ժամանակակից քաղաքական տեսություններում կարևոր տեղ է զբաղեցնում «օրակարգի ձևավորման» տեսությունը։ Քաղաքականության մեջ կարևոր է, թե ով է կարողանում մարդկանց ներարկել, թե ինչի մասին նրանք «մտածեն», այսինքն՝ թելադրել առողջ քաղաքական օրակարգ։ Իսկ ո՞վ է Հայաստանում կարողանում «հանրային», այսինքն՝ իր օրակարգը թելադրել։

Քաղաքակիրթ ու զարգացած երկրներում հաճախ ընդդիմությունն է թելադրում երկրի քաղաքական օրակարգը, և իշխանությունը հարկադրված պաշտպանվում է ու տեղավորվում այդ օրակարգի պատերից ներս: Այստեղ կարևոր է փաստել մի բան՝ ՀՀ-ում, չնայած առկա քաոտիկ մթնոլորտին, վերջին մեկ ամսվա ընթացքը ցույց է տալիս, որ իրական քաղաքական օրակարգը ձևավորում է ընդդիմադիր սեկտորը, ասել է թե՝ բուն քաղաքական դիսկուրսն ընթանում է իշխանությունից դուրս։

Այսօր ստեղծված իրավիճակում ակնհայտ տեսնում ենք, որ լուրջ քաղաքական դիսկուրս փորձում են ստեղծել ընդդիմադիր բևեռները, մասնավորապես՝ Միքայել Մինասյան-Արմեն Աշոտյան «ստեղծագործական դուետը»։

Օրերս Մինասյանը հանդես եկավ ծավալուն հոդվածով՝ ներկայացնելով ՀՀ պետականության և քաղաքական զարգացումների իր տեսլականն ու մոտեցումները, այդ հրապարակմանը կարճ ժամանակ անց արձագանքեց Աշոտյանը և ընդդիմության համախմբման մասին գաղափարներ ներդրեց  քաղաքական օրակարգում։ Փաստացի այս երկու գործիչները հեռակա կարգով բացահայտ ներկայացնում են ընդդիմության ռազմավարությունը, թե ինչպիսի գործիքակազմ է պետք կիրառել ՀՀ ապագա զարգացման համար։

Ստեղծված իրավիճակում կարող ենք վստահաբար արձանագրել, որ իրավաքաղաքական առումով ՀՀ պառլամենտը լրիվ «սնանկ» վիճակում է, որպեսզի թելադրի և հանրությանը ներկայացնի իշխանությանը ձեռնտու քաղաքական օրակարգ և ընդհանուր «ռասկլադ», իսկ իշխանության դաշտից այս «ստեղծագործական» աշխատանքին ոչ միայն միացող, այլ անգամ արձագանքող անհատներ փաստացի գոյություն չունեն։ Իսկ քանի որ իշխանությունն այս փուլում սնանկ է, հանրային հարթակում իր բացահայտ դիրքավորումն է ներկայացնում քաղաքական դաշտի ընդդիմադիր թևը։

Համարժեք ու համատեղ քաղաքական օրակարգ ձևավորելու խնդիրը, հասարակության միավորման թիվ մեկ խնդիրը գաղափարի (գաղափարների) բացակայությունն է: Այն գաղափարի, որը կհամախմբի հանդուրժող խավերին, կհամախմբի որոշակի տրամադրություններ` որոշակի իրատեսություն ունենալով հիմքում: Ընդդիմությունը պետք է համախմբվի մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, բայց այդ գաղափարը պետք է անընդհատ սնվի: Պետք է սնել ու շոշափելիի աստիճան հստակ, իրական ուղիներ տեսնել, այլապես գաղափարն ինքնանպատակ և կարճաժամկետ PR կստացվի ու շատ արագ կարժեզրկվի:

Փաստ է մի բան. այսօր Հայաստանում քաղաքական խաղի կանոնները թելադրում են և համապատասխան քաղաքական օրակարգ ձևավորում  այն մարդիկ և ուժերը, ովքեր քաղաքականապես հասուն են և տիրապետում են կառավարման փորձին ու գաղափար են կազմում պետությունից ու պետականաշինությունից։

Մենք` որպես ազգ, ապրում ենք արդեն մի քանի հազարամյակ, սակայն երկար ժամանակ կորցնելով մեր պետականությունը` ոչ միայն չենք կարողանում հաղթահարել մեր անկախ պետականության վերականգնման արտաքին խոչընդոտները, այլ նաև չենք կարողանում մեր միջից վերացնել օտար ուժերին ապավինելու սնանկ մտայնության բարդույթը:

Արմեն Հովասափյան

Հ.Գ.  Բերնարդ Կոհեն․ «Մամուլին քիչ է հաջողվում մարդկանց թելադրել, թե ինչպես մտածեն, սակայն մեծ հաջողությամբ կարողանում է նրանց փոխանցել, թե ինչի մասին մտածեն»։

Տեսանյութեր

Լրահոս