«Հայկական կողմն արդեն սովորել է Ադրբեջանի գործելաոճին, երբ կարևոր հանդիպումներից առաջ փորձում է սրել իրավիճակը». Պատգամավորը՝ Ադրբեջանի զորավարժությունների մասին
Սեպտեմբերի 16-20-ն Ադրբեջանի Զինված ուժերը նախատեսում է անցկացնել լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ՝ զորքերի տարբեր տեսակների և կարգերի, ռազմական միավորումների ու կազմավորումների ներգրավմամբ:
Հիշեցնենք, որ այս ամիս սա Ադրբեջանի կողմից իրականացվող թվով երկրորդ զորավարժություն է, առաջինը տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-5-ը Թուրքիայի հետ համատեղ: Զորավարժությունը կրում էր «ԹուրԱզ Գարթալը-2019» անվանումը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած զորավարժություններին՝ նշեց, որ նման պայմաններում հայկական կողմի գլխավոր խնդիրը պետք է լինի ընդհանուր զարգացումներին հետևելը:
«Կարծում եմ՝ նույն սեպտեմբերին անցկացվող զորավարժությունների հետ կապված՝ պետք է ընդհանուր դիտարկել այն իրավիճակը, որը ստեղծված է այսօր Ադրբեջանի ներսում: Միևնույն ժամանակ՝ տեսնել, որ այդ նույն ժամանակահատվածում ՄԱԿ-ում անցկացվող գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է արտգործնախարարների հանդիպում»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ հայկական կողմն արդեն սովորել է Ադրբեջանի այդ գործելաոճին, երբ արտգործնախարարների հանդիպումից առաջ փորձում է իրավիճակը սրել:
«Ինչպես նշեցի, սա ներքաղաքական որոշակի գործընթացների արդյունք է, քանի որ շատ հետաքրքիր վերադասավորումներ են սկսվել Ադրբեջանի իշխանական ճամբարում, ընդդիմությունից ևս տարօրինակ ազդակներ են գալիս: Այս պահի դրությամբ ընդհանուր գործընթացները դեռևս շատ ակնհայտ չեն: Բայց այն, որ Ադրբեջանում կա ներքին որոշակի լարվածություն, և դա նաև պայմանավորված է Արցախյան ճակատում իշխանության վարած քաղաքականությամբ այն տեսանկյունից, որ ժողովուրդը կամ ընդդիմությունը շատ ավելի ագրեսիվ քաղաքականություն են պահանջում իրականացնել և բավարարված չեն իշխանությունների գործելաոճով: Սա ըստ էության նաև պատասխան արձագանք է ադրբեջացիների պահանջներին»,- հավելեց Տաթևիկ Հայրապետյանը:
Հարցին՝ մտավախություննե՞ր չկան, որ այդ լարվածությունը կարող է տեղափոխվել սահմանին, մեր զրուցակիցն ասաց, որ Արցախյան և ընդհանրապես սահմանային իրավիճակի հետ կապված՝ այդ զարգացումները միշտ ազդեցություն են ունենում ներքաղաքական գործընթացների վրա, և դա փաստ է:
«Այդուհանդերձ, կարծում եմ՝ ներքաղաքական լարվածության պայմաններում դժվար թե Ադրբեջանը գնա այնպիսի էսկալացիայի, որը կարող է իր իսկ իշխանության դեմ աշխատել: Եթե հետևենք, այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունը հրապարակել է հայտարարության տեքստ՝ կրկին անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին և Հայաստանից եկող հայտարարություններին, ուստի այս զորավարժություններն ընդհանուր արձագանք է թե՛ Ադրբեջանի ներսում հաջորդ դժգոհության, թե՛ արտգործնախարարների հանդիումներին ընդառաջ»,- եզրափակեց պատգամավորը:
Զվարթ Խաչատրյան