«Ուզում եք ոտքի վրա խոսեցնեք, իմ տրամադրությունը փչացնեք». ՀՀ նախկին փոխվարչապետ

«Եկեք պայմանավորվենք, որ ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ կարճ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Լրագրողների հիշեցմանը, թե խոստացել է նախաքննության ավարտից հետո պատասխանել հարցերին՝ Ա. Գևորգյանն արձագանքեց. «Ուզում եք ոտքի վրա խոսեցնեք, իմ տրամադրությունը փչացնեք»։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված իր բարձր տրամադրությունը, Արմեն Գևորգյանը պատասխանեց՝ «Իմ ժպիտը, կարծում եմ, ամեն ինչ ասում է»։

Դատարան եկած Յուրի Խաչատուրովն էլ չպատասխանեց լրագրողների հարցերին:

Կարդացեք նաև

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։

Դատական նիստին ներկա են ամբաստանյալներ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Երկրորդ նախագահի փաստաբանները միջնորդել են Քոչարյանի խափանման միջոցը փոխել և նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս