«Երեկ եմ հանդիպել հորս, գիտեք, ՍԴ որոշումից հետո դժվար է ակնկալել այլ բան».  Լևոն Քոչարյան

Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։ Վերջիններս ներկա են նիստին:

Մինչ նիստի մեկնարկը ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը,  լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ակնկալում է արդար դատավարություն.

«Էն փորձը, որ ունեցավ այն դատավորը, ով ազատ արձակեց, փաստորեն, դա նրան չի վախեցնի և հետ չի պահի իրականացնելու իր գործունեությունը»:

Լ. Քոչարյանը, խոսելով դատավորի նկատմամբ հնարավոր ճնշումների մասին՝ նշեց. «Ընթացքից պարզ կլինի»:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե՝ հանդիպե՞լ եք արդյոք Ձեր հորը, և դիտարկմանը, թե՝ պաշտպանները նշում էին, որ բարձրացնելու են խափանման միջոցի հարցը՝ նա արձագանքեց. «Երեկ եմ հանդիպել հորս, գիտեք, ՍԴ որոշումից հետո դժվար է ակնկալել այլ բան, բայց այս մեկ տարվա մեջ այնքան բաներ տեսանք, որ ոչինչ, իհարկե, չի կարելի բացառել»:

«Ի՞նչ է ակնկալում»՝ լրագրողի հարցին  ի պատասխան՝ նա նշեց. «Ակնկալում է, որ պետք է, բնականաբար, ազատ արձակվի»:

Դիտարկմանը, թե՝ Դատախազությունը նշում է, որ ՍԴ որոշումը հիմք չէ, որպեսզի փոխվի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը, Լ. Քոչարյանն արձագանքեց. «Բնականաբար, դատախազությունը էդպես պետք է նշի: Ես արդեն ասել եմ, որ տպավորություն է, թե Դատախազությունը ընդամենը մեկ պարբերություն է կարդացել: Կարծում եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից Հրայր Թովմասյանին ճնշումների ենթարկելու մասին լուրերին՝ նա նշեց, որ Հրայր Թովմասյանին հայրն անգամ անձնապես չի ճանաչել, և Հրայր Թովմասյանը չի աշխատել իր հոր նախագահության տարիներին:

Տեղեկացնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն անցած շաբաթ հրապարակեց «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը: Այն մեկնաբանելիս՝ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները մասնավորապես նշել էին. «Որոշման մեջ առկա են իրավական դիրքորոշումներ, որոնցից ուղղակի հետևում է, որ առ այս պահը Ռ. Քոչարյանը գտնվել է կալանքի տակ ապօրինաբար, և առ այս պահը նրա նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինաբար»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս