Ինչի հաշվի է պարտքը նվազում՝ ըստ Հովհաննես Ավետիսյանի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆեյսբուքում գրառում էր արել ՀՀ պետական պարտքի մասին։ «2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Իհարկե, պետական պարտքի նվազումն ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետև համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով: Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և ատկատների վրա»,- գրել էր վարչապետը:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս նվազման պատճառներից գլխավորը ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերի պլանով նախատեսվածից թերի իրականացումն է: Նա ներկայացրեց նկարներ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվություններից:
«Նկարում ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ տողը կապիտալ ծախսերն են, որը վարկերի հաշվին 2018 թվականի պլանավորվածի համեմատ՝ 67.5 % է կատարվել, այսինքն՝ վարկերի հաշվին կապիտալ ծախսեր անելու պլանը կառավարությունը թերակատարել է 32.5 %-ով:
Իսկ սրան համարժեք ցուցանիշը 2019 թվականի առաջին կիսամյակի համար ավելի վատ վիճակում է: Տեսեք հաջորդ նկարը:
Վարկերի հաշվին իրականացվող ծրագրերը 2019 թվականի առաջին կիսամյակի պլանավորվածի համեմատ՝ 25.3 % է կատարվել, այսինքն՝ կառավարությունը պլանը թերակատարել է 74.7 %-ով: Իրականում կարևոր է, թե ինչի հաշվին է պարտքը նվազում, այսինքն՝ տվյալ դեպքում հիմնականում ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված ներդրումային ծրագրերը թերի կամ դանդաղ անելու հաշվին: Ու սա լավ չէ»,- ասաց Հ.Ավետիսյանը: