«Եթե նկատի ունեք այն Դանիել Իոաննիսյանին, ապա… ես հիացած եմ». Արփինե Հովհաննիսյան

Երեկ «5-րդ ալիքի» եթերում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, թե Հայաստանում Եվրամիության արդեն նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին տպավորված է երիտասարդ արդարադատության նախարարով ու իր թիմով, նշել է, որ վերջինս Հայաստանում շատ բանով է տպավորվել, որը բացարձակ տպավորիչ չէր։

«Պարոն Սվիտալսկիի հայտարարությունները ես միշտ համարել եմ տպավորիչ, բայց ոչ համոզիչ, բայց քաղաքական կոռեկտությունն ինձ, ի տարբերություն շատերի, թույլ չի տա, որպեսզի ես շատ ավելի փակագծեր բացեմ, թե ինչ էր ասում պարոն Սվիտալսկին մասնավոր զրույցներում՝ ոչ միայն արդարադատության նախարարի, այլ առհասարակ այս թիմի և նրա կադրերի մասին»,- ասել էր Արփինե Հովհաննիսյանը։

Այս արտահայտությունն անարձագանք չէր թողել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արփինե Հովհաննիսյանը եթերում ասել է, որ ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հետ անձնական զրույցում բողոքել է Հայաստանի ներկայիս իշխանություններից։

Ես, բնականաբար, այնքան չեմ իջնի, որ պատմեմ, թե դեսպաններից ով և ինչ էր անձնական զրույցներում ասում Արփինե Հովհաննիսյանի մասին։

Կարդացեք նաև

Փոխարենը՝ ես կոչ կանեմ Արփինե Հովհաննիսյանին հրապարակել, թե ինչ են դեսպաններն ասել իրեն իր՝ ՀՀԿ-ական իշխանությունների մասին, ոնց են պահանջել հարգել մարդու իրավունքներն ընդհանրապես ու կոնկրետ դեպքերում»։

«Եթե նկատի ունեք այն Դանիել Իոաննիսյանին, որի կազմակերպության հիմնական աղբյուրների թվում առաջին հորիզոնականում Սորոսի գրասենյակն է, իսկ երկրորդում՝ Եվրամիությունը, իսկ վերջերս նրանց միացել է Կառավարությունը, ապա ես հիացած եմ։ Հիացած եմ Դանիել Իոաննիսյանի նվիրվածությամբ և ըստ էության Սվիտալսկու գումարների ծախսման արդյունավետությամբ։ Նա փաստորեն կանգնեց իրեն ֆինանսավորողի պատվին։ Ես անկասկած ողջունում եմ իր այս հակադարձումը, որովհետև նա միակն է, ով անգամ դեսպան Սվիտալսկիի հեռանալուց հետո նրան շնորհակալություն է հայտնում իրեն տված փողերի համար։ Այնպես որ, ինքն ընդամենն ամենաազնիվն է փող ստացածների մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարարը՝ մեկնաբանելով Դանիել Իոաննիսյանի գրառումը։

Ինչ վերաբերում է գրառման բովանդակային մասին, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ սա Դանիել Իոաննիսյանի մակարդակի խոսակցություն չէ, որ ինքն արձագանքի նրան։

«Իհարկե, գայթակղությունս շատ մեծ է որոշ բաներ հրապարակելու, և նույնիսկ կարող եմ ոչ թե խոսակցություն, այլ Սվիտալսկու և այլ դեսպանների նամակները հրապարակել այն մասին, թե ինչպե՞ս է գնահատում պարոն Սվիտալսկին Դանիել Իոաննիսյանի և նրա առանձին աշխատակիցների վարքագիծը Ֆեյսբուքում և ոչ միայն, բայց ինձ կզսպեմ։ Դանիել Իոաննիսյանի կոչին չէ, որ ես պետք է անսամ ու դրանք հրապարակեմ։ Դանիել Իոաննիսյանն այն մարդը չէ, ում կոչով ես ինչ-որ բան պիտի հրապարակեմ, իսկ Սվիտալսկին էլ այն անձը չէ, ում «խաթր» ես ՀՀ քաղաքացուն կաշկանդող որևէ նամակ կհրապարակեմ, անգամ եթե այդ քաղաքացին Դանիել Իոաննիսյանն է»,- եզրափակեց արդարադատության նախկին նախարարը։

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս