«Այդ թղթապանակները ԱԱԾ-ից պետք է ուղղակի վերցնել, տանել նրանց առաջ դնել». Արման Բաբաջանյանը՝ ՍԴ ճգնաժամի լուծում է առաջարկում

«Միջազգային համաձայնագրերը, որոնք բերվում են օրակարգ և որոնք պիտի կարգին համաձայն Սահմանադրական դատարանով ենթարկվեն փորձաքննության և եզրակացություն ստանան՝ արդյոք այդ համաձայնագրերը համապատասխանո՞ւմ են ՀՀ Սահմանադրությանը, հենց այդ շրջանակում ես փորձ եմ անում ԱԺ ուշադրությունը հրավիրել խնդրին, թե արդյո՞ք մենք ճանաչում ենք ՍԴ այս կազմի կողմից բերված փաստաթղթերը կամ եզրակացությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ այդ համաձայնագրերի տեքստերը տեխնիկապես համապատասխանեցվում են Սահմանադրության տեքստին, ոչ թե ոգուն։

Ըստ նրա՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին, դարձել են ճգնաժամի պատճառ, և կարելի է համոզված ասել, որ շատ կասկածելի է, որ ՍԴ անդամներն իրենց որոշումներով երաշխավորեն ՀՀ ինքնիշխանությունը և իրենց որոշումներում կառաջնորդվեն ՀՀ պետական շահով։ Ա.Բաբաջանյանն առաջարկում է լյուստրացիայի ենթարկել ներկայումս գործող ՍԴ անդամներին, բացահայտել նախկին իշխանությունների հետ նրանց կապերը.

«Դրանով, կարծում եմ, հանրայնացման էլ չի հասնի, մարդիկ հրաժարական կտան, կգնան, որովհետև այնպիսի հանցավոր և արատավոր կապերով են նրանք կապված նախորդ ռեժիմի հետ, որ վստահ եմ՝ այս ճգնաժամը հնարավոր է հանգուցալուծել։ Դուք չեք պատկերացնում, թե ինչպիսի ռումբ է դրված Հայաստանի այս վերափոխումների ընդերքում, եթե մենք չենք մոտենում ՍԴ հարցը լուծելու խնդրին և եթե մենք այսպիսի վախվորած խորհրդարան ունենք, որը չի փորձում թևերը քշտել ու իսկապես ստանձնել այդ կարևոր գործը։ Իսկ ես գտնում եմ, որ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը հենց առաջին օրից, երբ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ուղարկեց հայտնի նամակը ԱԺ նախագահին, պետք է քննարկումներ ու գործողություններ իրականացներ։ Բայց այսօր ո՛չ ունենք պատասխան Վահե Գրիգորյանի նամակին, և ԱԺ նախագահն ու իշխող ֆրակցիան շարունակում են անտարբեր մնալ, որովհետև չունեն համապատասխան խիզախություն ու վճռականություն, որպեսզի հեղափոխական գործողությունների տրամաբանության մեջ լուծումներ գտնեն այս կնճռին և մենք կարողանանք երկրի բարձրագույն դատական մարմինն իսկապես վերափոխել»։

Ա.Բաբաջանյանի խոսքով՝ ինքը դեմ չէ նախաձեռնել քննարկումներ. «Ճգնաժամը դա սովորական բառ չէ, ճգնաժամը ենթադրում է շատ կոնկրետ իրավիճակ, որին պետք է արագ պետությունն իր հնարավոր բոլոր գործիքակազմով ձեռնամուխ լինի խնդրի կարգավորմանը։ Պետք է բացահայտել Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, մյուս անդամների կապերը և նրանց գործունեության ընթացքում նրանց բոլոր առնչությունները նախկին իշխանությունների հետ։ Կարծում եմ՝ այդ թղթապանակները ԱԱԾ-ից պետք է ուղղակի վերցնել, տանել նրանց առաջ դնել և ասել՝ հանրայնացումից առաջ ուղղակի ձեզ ուզում ենք հորդորել՝ դիմում եք գրո՞ւմ, թե՞ շարունակում եք պաշտոնավարել ու թույլ տալ, որպեսզի մեր ժողովուրդն իմանա, թե դուք ով եք և ինչ կապերով եք արատավորել Սահմանադրական դատարանը, այն մարմինը, որը պետք է լիներ ամենաանարատը»։

 

Տեսանյութեր

Լրահոս