Արման Բաբաջանյանը մտադիր չէ հրաժարվել մանդատից. «Ինձ մանդատը տվել է ոչ թե կուսակցությունը, այլ ՀՀ քաղաքացին»
«Ես հարգում եմ «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերների դիրքորոշումը, բայց առաջնորդվում եմ իմ առաջնահերթություններով և իմ անելիքներով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից իր դուրս գալու մասին հայտարարած պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ դեռ մայիսից բոյկոտել է խմբակցության նիստերը:
Ըստ նրա՝ որոշումը հրապարակելուց 1 շաբաթ առաջ խոսել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ, և նրանք իմացել են այդ մասին:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե նոր քաղաքական բևեռ է ձևավորվելու, որին մաս է կազմելու է նաև ինքը, պատգամավորն ասաց, թե չգիտի՝ ինչի մասին է խոսքը, և չի պատասխանի նման խոսակցություններին: Սակայն միաժամանակ Ա.Բաբաջանյանը չբացառեց, որ կարող է սկսվեն գործընթացներ, և ինքն իրեն տեսնի արտախորհրդարանական զարգացումներում, որոնք սպասարկելու են մեր երկրում սկիզբ դրած վերափոխումներին ու դրանց շարունակականությունն ապահովելու գործին:
Էդմոն Մարուքյանի պնդմանը, թե ժողովուրդը մանդատ է տվել ծրագիր իրականացնելու համար, և այն պետք է վերադարձվի խմբակցությանը, Ա.Բաբաջանյանը հայտարարեց. «Ինձ մանդատը տվել է ոչ թե կուսակցությունը, ոչ թե խմբակցությունը, այլ ՀՀ քաղաքացին: Էդմոն Մարուքյանը, կարծում եմ, ևս պետք է վերափոխի ամբողջությամբ ծրագրային այն դրույթները, որոնք դրված են եղել նախընտրական արշավի շրջանում, որոնք փոփոխությունների են ենթարկվել վերջին ամիսներին, ի դեպ, և որոնց հետ ես ունեցել եմ ևս անհամաձայնություններ: Այդպես, կարծում եմ, ավելի արդյունավետ առաջ կգնանք: Կարծում եմ՝ խորը անհամարժեքություն կա ընդդիմադիր դաշտի գործողություններում այն մարտահրավերների առկայության պայմաններում, որում այսօր Հայաստանը հայտնվել է: Եվ այդտեղ «Լուսավոր Հայաստանը» մեծ աշխատանք ունի կատարելու արդեն առանց ինձ»:
Թե արտախորհրդարանական ո՞ր ուժի հետ է համագործակցելու, Բաբաջանյանը նշեց, որ դեռևս չեն առարկայացել. «Դրանք այն մարդիկ են, որոնք եղել են այս փոփոխությունների ակունքում, մասնակցել են հեղափոխությանը, ինչ-ինչ պատճառներով համաձայն չեն այսօրվա իրողությունների հետ, այսօրվա ապիկարության, ապաշնորհության, դիլետանտիզմի, և այս պատճառով չեն պատրաստվում հաշտվել էս երկրին բաժին հասած այս փառահեղ հնարավորությունն ուղղակի ոչնչացնելու հետ»:
Նա հրաժարվեց որևէ անուն հնչեցնել, նաև հերքեց, թե նրանք նախկին իշխանության կամ դրա հետ առնչվող անձնավորություններ են:
Հարցին՝ կո՞ղմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պատգամավորը հստակ պատասխան չտվեց. «Կարծում եմ՝ ինձ կհաջողվի խորհրդարանին աշխատեցնել և հասցնել մի վիճակի, երբ խորհրդարանն ինքը կգիտակցի, որ այլևս հնարավոր չէ այսպես շարունակել»:
Դիտարկմանը, որ ռեյտինգային ընտրակարգով քիչ ձայներ է հավաքել, Ա.Բաբաջանյանը նշեց, որ 400 ձայն է ստացել ու պատրաստվում է ԱԺ-ում դրանք բազմապատկել, դարձնել 4000, 40 հազար, 400 հազար.
«Այդ հնարավորությունը ես տեսնում եմ: Ես իշխանության խնդիր չեմ ունեցել, մանդատը ոչինչ չի ավելացրել իմ կյանքում, բացի խնդիրներից, բացի բեռից, բայց ես այդ բեռը պատրաստ եմ ամենայն հոժարությամբ կրել, որովհետև տեսնում եմ այդ բացը, անվտանգության բարձիկները հեղափոխության թիկունքին ներդնելու անհրաժեշտությունը, և այդտեղ ես իմ բաժին պատասխանատվությունն եմ տեսնում»: