
«ՌԴ քաղաքացիներին կարգելվի Հայաստանում ռուսական վարորդական իրավունքով տաքսի վարել». Հովհաննես Քոչարյան

«ԵԱՏՄ անդամ պետություններից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում կարող են տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այսինքն՝ եթե ՌԴ-ում մեր կողմից տրված տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականները ճանաչվեցին և դրանցով հնարավորություն տրվեց, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք ՌԴ քաղաքացիներին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ում վարորդական իրավունքների հետ կապված փոխադարձության խնդրին:
Նա շեշտեց, որ սա պատասխան չի ՌԴ-ում հայկական վարոդական իրավունքները չճանաչելու փաստին. «Սա նույն կարգավորման նախատեսումն է մեր օրենսդրության մեջ՝ միասնականացում ապահովելու համար»:
Հ.Քոչարյանի խոսքով՝ Ռուսաստանում առկա խնդրին ոստիկանությունը ծանոթ է և այլ մարմինների հետ միասին փորձել է պաշտոնակից անձանց հետ այդ հարցով զրուցել. «Կամք կա, որ այդ նախագծում ՌԴ-ում փոփոխություններ կարվեն, Պետդումայում է, եթե չեմ սխալվում, այդ փաստաթուղթը: Բայց մինչև հիմա այդ նախագիծը դեռ վերջնական լուծում չի ստացել»:
Նա նշեց, որ խնդիրը ռուսերեն լեզվի իմացության հետ է կապված, բայց պետք է փոփոխություն իրականացվի ու համապատասխանեցվի ԵԱՏՄ օրենսդրությանը. «Հիմա, եթե համապատասխանեցվի ԵԱՏՄ օրենսդրությանը, մենք էլ կանենք նույն բանը»:
Հ.Քոչարյանի խոսքով՝ ՀՀ օրենսդրական այս փոփոխությունից հետո ՌԴ քաղաքացիներին կարգելվի մեր երկրում ռուսական վարորդական իրավունքով տաքսի վարել: