Շավարշ Քոչարյանը պնդում է՝ ՀԱՊԿ-ը շահել է, Հայաստանի հեղինակությունը՝ բարձրացել

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը վստահ է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու և դրան հաջորդած գործընթացների արդյունքում Հայաստանի վարկանիշը բարձրացել է, և ոչ թե՝ ընկել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դրանից շահել է նաև կազմակերպությունը:

«Բոլորը հասկացան, որ կա օրենսդրական բաց, որը նմանատիպ դեպքերում թույլ է տալիս տարբեր ձևով մեկնաբանել։ Եվ մենք հասանք նրան, և հիմա այդ նախագծերը կան, որ ապագայում նմանատիպ դեպքերում այդպիսի իրավիճակ չլինի, որովհետև, Աստված ոչ տա, մարդը կարող է ընտրվել գլխավոր քարտուղար և հետը մի բան պատահի։ Պարզվում է՝ փաստաթղթերն այնպես են գրված, որ ով ոնց ուզի՝ կմեկնաբանի: Հիմա դա վերացվում է»,- ասաց Շ.Քոչարյանը։

Երկրորդ խնդիրը, ըստ նրա, որ ՀՀ-ն ուներ, ասել էր, որ չկա հստակություն, և կա տարբեր մեկնաբանություն, բայց քանի դեռ մեր թեկնածուի պաշտոնավարման ժամկետն է, որին հետ ենք կանչել, այդ ընթացքում որևէ այլ երկիր չի կարող լինել գլխավոր քարտուղար. «Եվ մենք դրան էլ ենք հասել»:

«Եթե մեր քայլերի արդյունքում հենց ՀԱՊԿ հեղինակությունն է բարձրանում, այսինքն՝ անորոշությունը վերանում է, ապա, բնական է, մենք ենք նախաձեռնողը, և Հայաստանի հեղինակությունը ևս դրանից բարձրանում է»,- եզրափակեց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս