«Պետք է խոսել հանքի ճանապարհը փակող մարդկանց հետ՝ փոխշահավետ լուծումներ գտնելու համար». Սարգիս Խանդանյան

«Գործընթացը պետք է ընթանա իրավական ճանապարհով, հաշվի առնելով բոլոր տեսակի շահերը, և կարծում եմ՝ այս ճանապարհը, որ առաջարկում է վարչապետը, առնվազն իրավական ամենալավ ճանապարհն է: Այսինքն՝ այս պահին չկա որևէ իրավական հիմք նոր ՇՄԱԳ անցկացնելու համար, բայց բնապահպանական անհանգստությունները շարունակում են մնալ, և դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բնապահպանական տեսչությունն իրականացնի ստուգումները, նաև Բնապահպանության նախարարությունը պետք է հետևողական լինի այս փուլում մինչև հանքի շահագործումը Ամուլսարի տարածքում իրականացվող գործողություններին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի վերաբերյալ ընդունված որոշմանը:

Ըստ նրա՝ խմբակցությունում առայժմ չի քննարկվել այս ճանապարհը: Նա հերքեց, որ Ամուլսարի հարցով պառակտում կա խմբակցությունում. «Այն ժամանակ էլ խմբակցությունում պառակտում չկար: Կային տարբերվող կարծիքներ, որովհետև յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետն ուներ և, կարծում եմ, այսօր եթե հարցնեք պատգամավորներին, յուրաքանչյուրը կշարունակի պնդել իր կարծիքը: Իմ կարծիքով՝ կան բնապահպանական մտահոգություններ, որոնք դեռ պետք է ուսումնասիրվեն և հետագայում ի հայտ եկած բնապահպանական հանգամանքների հիման վրա իրականացվեն կամ չիրականացվեն»:

Ս.Խանդանյանը նշեց, որ վերջին շաբաթներում տեղի ունեցած քննարկումները նաև «Էլարդ» խմբի ներկայացրած զեկույցի և քննարկումների ընթացքում հնչած մտքերի հետևանքն է, որ կառավարությունը հանգել է այս որոշման, և Շրջակա միջավայրի նախարարությունը չի գտել իրավական հիմքեր նոր ՇՄԱԳ պահանջելու համար:

Պատգամավորի խոսքով՝ այժմ բավարար ժամանակ կլինի լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Անդրադառնալով Ամուլսարի պաշտպանների հայտարարությանը, որ չեն ենթարկվելու վարչապետի կոչին և չեն բացելու սարի ճանապարհները, Ս. Խանդանյանը նշեց, որ ծանոթ չէ ջերմուկցիների խոսքին, կառավարության գործողություններն իրավասությունների շրջանակներում պետք է լինեն, և պետք է խոսել հանքի ճանապարհը փակող մարդկանց հետ՝ փոխշահավետ լուծումներ գտնելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս