«Այս դիրքորոշման հետ «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է և կիսում է». Լիլիթ Մակունց

«Ազգային ժողովի՝ օրենսդիրի տիրույթում չէ հարցին որոշում տալ կամ չտալը, բայց որպես քաղաքական թիմ՝ մենք ունենք մեր դիրքորոշումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շուրջ զարգացումներին:

Նա ընդգծեց այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի «լայվի» այն հատվածը, որտեղ խոսվեց՝ որպես իրավական պետություն գործելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ հաշվի առնելով բնակիչների մտահոգություններն ու բնապահպանական խնդիրները:

Ըստ Մակունցի՝ այս փուլում, առաջին հերթին՝ խնդիր է դրվում, որ տեսչական մարմինն այնտեղ անմիջապես սկսի գործողությունները և վեր հանի գոյություն ունեցող խնդիրները, և այս փուլում խոսքը ոչ թե հանքի շահագործման, այլ առաջին փուլում անհրաժեշտ շինարարական աշխատանքների մասին է:

Լ.Մակունցը նշեց, որ, եթե այդ շինարարական աշխատանքների փուլում նկատվի որևէ խախտում, որևէ շեղում նշված չափանիշերից, ապա տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները, ընդհուպ՝ եթե 90 օր ժամկետի պարագայում չվերացվեն խնդիրները, ապա կդադարեցվեն որևէ կարգի գործողությունները:

«Այս դիրքորոշման հետ «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է և կիսում է»,- ասաց Լ.Մակունցը:

Հարցին՝ բոլո՞րն են համաձայն, անգամ այն պատգամավորները, որոնք դե՞մ էին հանքի շահագործմանը, «Իմ քայլի» ղեկավարը պատասխանեց. «Ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ խմբակցությունն ունեցել է քննարկում՝ նույն շեշտադրումներով և նույն հարցերի շուրջ, ինչ վարչապետը ներկայացրել է ուղիղ եթերում, և առարկություն առ այն, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, խմբակցությունում չի հնչել»:

 

Տեսանյութեր

Լրահոս