Ինչու է ԱՄՆ հեղինակավոր պարբերականը «մատնել» Ադրբեջանին

Ամերիկյան «Նյու Յորք Թայմսն» օրերս տեղեկություն էր հրապարակել, որ ամերիկյան արբանյակներն արձանագրել են Ադրբեջանի տարածքից Իսրայելի անօդաչու հետախուզական սարքերի թռիչքներ, որոնք հետախուզել են Իրանի տարածքը:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նորություն չէ այն, որ ԱՄՆ-ը Ադրբեջանի հետ ունի խոր համագործակցություն, և այն ռազմական օգնությունը, որ Ադրբեջանը տարիներ շարունակ ստանում է ԱՄՆ-ից, օգտագործում է սահմանային անվտանգության համար Կասպից ծովի հատվածում, որն ուղղված է Իրանի դեմ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Իրանի դեմ ամենակոշտ գործողությունն է իրականացնում Թրամփի ընտրվելուց հետո:

Հարցին՝ արդյո՞ք ամերիկյան հեղինակավոր թերթի նման հրապարակումն ուղղված չէ հենց Ադրբեջանի ու Իսրայելի դեմ և Իրանի օգտին է, Ս.Սարգսյանը պատասխանեց.

«Ճիշտ է, բայց այստեղ ուրիշ կարևոր բան կա, պետք է հաշվի առնել ԱՄՆ ներքին գործընթացները: Նյու Յորք Թայմսն ԱՄՆ-ում Թրամփի դեմ ամենակոշտ գործող լրատվամիջոցն է, դեմոկրատամետ համբավ ունի, և սա կարող է ուղղված լինել ոչ թե ԱՄՆ դաշնակից Իսրայելի դեմ, այլ Թրամփի քաղաքականությանը Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ում ոչ բոլորն են կիսում Թրամփի՝ Պաղեստինի հետ կապված դիրքորոշումը, Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու փաստը: Պետք է ներքաղաքական զարգացումների և գործընթացների կոնտեքստում դա դիտարկել»:

Հոկտեմբերին Իրանի նախագահի այցը ՀՀ, ըստ Ս.Սարգսյանի, ԱՄՆ-ում նորմալ է ընկալվում, հատկապես որ, այցը ոչ թե երկկողմ է, այլ բազմակողմ՝ ԵԱՏՄ պետությունների գագաթաժողովին մասնակցելու նպատակով է.

«Նաև ԱՄՆ-ում ընկալում կա, որ Իրանն ու Հայաստանը բարեկամ պետություններ են: Վաշինգտոնն աչքերը փակում է հայ-իրանական հարաբերությունների վրա, և որևէ ձևով ՀՀ-ի առջև խնդիր չի դրվել որևէ ձևով սահմանափակել Իրանի հետ հարաբերությունները»:

Տեսանյութեր

Լրահոս